Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչի գյուտի տոնը

Երբ լուսավոր ամպերի վրա երևաս Հոր փառքով, Քո խաչը մեզ ապավեն թող լինի, Տե՛ր Հիսուս

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչի գյուտի տոնը: Այն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից մեկն է և վերջինը:

Սակայն կարելի է ասել, որ խաչի գյուտով է սկսվում խաչի փառաբանության մեկնարկը բոլոր դարերի ու ժամանակների քրիստոնյաների համար: Հրեաների չարակամությունն ու նենգությունը միայն Քրիստոսի խաչին գամելով չէր ավարտվել: Նրանք Քրիստոսի խաչը թաքցրել էին Տիրոջ գերեզմանի մեջ և վրան Աֆրոդիտեի արձանը կանգնեցրել, որպեսզի հրաշքի դեպքում այն վերագրեին հեթանոսական աստվածուհուն:

Պատրոնիկե թագուհու հրամանով հանում են Հիսուսի և նրա հետ խաչված ավազակների խաչերը և մահացած աղջկա հարությամբ ճանաչում, թե որն է Քրիստոսի խաչը: Հակոբոս Տեառնեղբայրն այն դնում է Երուսաղեմի տաճարում: Բայց Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե թագուհու մահից հետո հրեաները սպանում են Հակոբոսին, փրկչական խաչը թաղում Գողգոթայի մոտ և վերածում են այդ վայրն աղբանոցի: 327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինեն, Երուսաղեմ է գնում` Քրիստոսի խաչափայտը գտնելու նպատակով:

Երբ գտնվում է Քրիստոսի Խաչափայտը, Հեղինե թագուհու կողմից 335թ. Գողգոթայում կառուցվում է Սուրբ Հարություն տաճարը, որտեղ և կանգնեցվում է Քրիստոսի Խաչը` հանդիսավորապես փառավորվելով արդեն երկրորդ անգամ: Ապա թագուհին խաչափայտը հանձնում է Հակոբոս Տյառնեղբորը և փոխարենը կենարար փայտից մի մասունք խնդրում, որը գոհությամբ վերցնելով` գնում է Հռոմ:

Նվիրական Խաչափայտի անգին այս մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմեին, ով և իր հետ այն բերում է Հայաստան:

Սուրբ Խաչը ընդունելով որպես փրկության և հաղթության նշան՝ յուրաքանչյուր քրիստոնյա Ս. Գրիգոր Տաթևացու խոսքերով դիմում է Խաչյալին՝ ասելով. «Երբ լուսավոր ամպերի վրա երևաս Հոր փառքով, Քո խաչը մեզ ապավեն թող լինի, Տե՛ր Հիսուս: Այն ժամանակ մենք՝ Քեզ ապավինածներս, չենք ամաչի, այլ Քո մեծ զորությամբ, որպես լույսի որդիներ, կբերկրենք Քո աջ կողմում»:

Qahana.am