Մարությանն ինքն իրեն եւ քաղաքապետարանի մի քանի աշխատակիցների պարգեւատրել է. Analitik.am

Մեծ պարգեւատրումներ են ստացել նաեւ թաղապետերն ու վարչության պետերը՝ 840 000-ական ՀՀ դրամի չափով

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ մի շարք պաշտոնյաների՝ մասնավորապես նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է՝ հասնելով 1,5 միլիոն ՀՀ դրամի: Արդեն երկու օր առաջ պարզվեց, որ նախարարները կրկնապատկված աշխատավարձ ստանում են դեռեւս մարտ ամսից:

Analitik.am-ի տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանում նույնպես խոշոր պարգեւատրումներ են ստացել․  սույն թվականի հոկտեմբերի 2-ին քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակիցները հերթական պարգեւատրումներն են ստացել: Մարությանն ինքն իրեն էլ է պարգեւատրել։

Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետի տեղակալներ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանը եւ Սերգեյ Հարությունյանն, ինչպես նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ու աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը ստացել են 965 000-ական ՀՀ դրամի չափով պարգեւատրում:

Մեծ պարգեւատրումներ են ստացել նաեւ թաղապետերն ու վարչության պետերը՝ 840 000-ական ՀՀ դրամի չափով:

Ի դեպ, Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, ով հայտարարել է հրաժարական ներկայացնելու մասին, նույնպես պարգեւատրում է ստացել։

840 000 ՀՀ դրամի չափով պարգեւատրում են ստացել նաեւ Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ու Կամո Արեյանը, ով զբաղեցնում է քաղաքապետի խորհրդականի պաշտոնը։

Ընդհանուր առմամբ, պարգեւատրումների համար Հայկ Մարությանը հատկացրել է ավելի քան 70 միլիոն ՀՀ դրամ։