Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցի գործով որոշումը կհրապարակվի երկուշաբթի

Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, հեռացավ խորհրդակցական սենյակ՝  «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու. դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 28-ին: Նշենք, որ  մեկ ամիս առաջ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց էր կիրառվել գրավը և 20 մլն դրամի դիմաց ազատ էր արձակվել արգելանքից։  Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ ատյանում։

Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ: Գուրգեն Սարգսյանն ու Սուրեն Ավագյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքը փողերի լվացման, խոշոր չափով հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու կամ այդ հանցավոր արարքների կատարումը կազմակերպելու մասին է:

Ըստ Քննչական կոմտեի տարածած հաղորդագրության՝ «Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, միաժամանակ, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու և գումարները այլ ծախսերի պատրվակով  կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու և օրինական շրջանառություն մտցնելու և այդ կերպ նաև «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ»: