Դրոնները կարող են օգնել դեղամիջոցների եւ անալիզների առաքման հարցում

Այսօրվա դրությամբ Flight Forward ընկերությունը արդեն դեղամիջոցներ եւ կենսաբանական նմուշներ է առաքում ամերիկյան մի քանի բուհերի եւ բժշկական հաստատությունների տարածքում
Դրոններ

ԱՄՆ-ում մեկնարկում է հավակնոտ նախագիծ։ Առաջիկայում Flight Forward-ը, որը UPS սուրհանդակային ծառայության դուստր-ընկերությունն է, կսկսի դրոնների միջոցով թեսթային ռեժիմով դեղատնային դեղամիջոցների առաքման ծառայություն իրականացնել։

«Ռեմեդիումը» հայտնում է, որ փորձնական նախագիծը, որին կմասնակցեն CVS Pharmacy ցանցի դեղատները, ծրագրվում է իրականացնել ամերիկյան մի քանի քաղաքների տարածքում։

Այսօրվա դրությամբ Flight Forward ընկերությունը արդեն դեղամիջոցներ եւ կենսաբանական նմուշներ է առաքում ամերիկյան մի քանի բուհերի եւ բժշկական հաստատությունների տարածքում։

Արդեն Յուտայի համալսարանի հետ նրա բժշկական կենտրոնի կարիքների համար կենսաբանական նմուշների եւ այլ բեռների առաքման պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Դրոնների օգնությամբ դեղամիջոցներ առաքելու գաղափարը այսօր շատ տարածված է՝ դրոններն անհրաժեշտ դեղամիջոցները եւ պատվաստանյութերը շատ ավելի արագ կառաքեն, քան ցանկացած այլ փոխադրամիջոց, խցանումներն էլ դրանց համար արգելք չեն։