Նաիրի Հունանյանը 20 տարի ուշացել է. եթե նա նախաքննական մարմնին ասելիք ունի,թ ող ասի. Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ եթե այսօր Նաիրի Հունանյանն ունի ինֆորմացիա, որն էապես հնարավորություն կտա իմանալու վերջապես, թե «Հոկտեմբերի 27»-ին ինչ է տեղի ունեցել

Նաիրի Հունանյանը կարող է դիմել իրավական ընթացակարգով ազատ արձակվելու համար, բայց նա 20 տարի ուշացել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ pաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին վարչապետ Վազգեն Սարգսյանի ազգային անվտանգության, պաշտպանության հարցերով խորհրդականն էր:

Նրա խոսքով, «Հոկտեմբերի 27»-ը այն հրեշավոր տեռորիստական գործողությունն էր, որը Հայաստանի ամբողջ հեռանկարը կասեցրեց եւ դա տեւեց 20 տարի: 1999-ին ՀՀ ժողովուրդն ունեցավ հնարավորություն ձեւավորել լեգիտիմ իշխանություն՝ հանձինս Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի: Ափսոսում եմ, որ այդ հնարավորությունը չտրվեց, որ այդ իշխանությունը կարողանա Հայաստանը տանել այնպիսի փոփոխությունների, որը մենք տեսնում ենք արդեն 20 տարի հետո: 20 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը ձեւավորեց այդպիսի իշխանություն, բայց այն գլխատվեց Նաիրի Հունանյանի եւ իր խմբի կողմից:

20 տարի հետո Նաիրի Հունանյանը հնարավորություն է ստացել, որ դիմի եւ ազատ արձակվի: Ես ասեմ, որ Նաիրի Հունանյանը 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որ իր նկատմամբ նախաքննությունն իր նկատմամբ մեղմվեր, եթե ինքը նախաքննական մարմնի հետ համագործակցության արդյունքում հնարավորություն տար Հայաստանին հասկանալու «հոկտեմբերի 27»-ին ինչ է տեղի ունեցել»,-ասաց Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ սկզբնական փուլում, իր տպավորությամբ, Նաիրի Հունանյանն ու իր խմբի անդամները տեսնելով, որ իրենց սպասված ակնկալիքը չկա, հոգեբանորեն պատրաստ էին համագործակցել նախաքննական մարմնի հետ. «Բայց ինքներդ էլ տեսաք, թե ինչպիսի խոչընդոտներ, վախեր առաջացան որոշ շրջանակների մոտ հնարավոր բացահայտումների առումով: Այն ժամանակ տարբեր քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակներ իրենց վախերից ելնելով ամեն ինչ անում էին, որ լիարժեք բացահայտումը կամ տեղի չունենար, կամ տեղի ունենար իրենց ուզած ձեւաչափի շրջանակներում: Նկատելի էր, որ այդպիսի վախեր ուներ նաեւ այն ժամանակվա իշխանությունը ներկայացնող համար  մեկ իշխանավորը՝ Ռոբերտ Քոչարյանն իր թիմով: Այդ թիմից, եթե հիշում եք, կասկածյալներ կային, Ալիկ Հարությունյանը գտնվում էր կալանքի տակ: Քաղաքական պրոցեսներն այնպես գնացին հենց «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման առումով, որ ամեն ինչ արվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից, որ այդ բացահայտումը տեղի չունենա: Ավելին, ամեն ինչ արվեց, որ վարչապետ դարձած Արամ Սարգսյանը եւս հնարավորություն չունենա հասնել «Հոկտեմբերի 27»-ի լիարժեք բացահայտման»:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ եթե այսօր Նաիրի Հունանյանն ունի ինֆորմացիա, որն էապես հնարավորություն կտա իմանալու վերջապես, թե «Հոկտեմբերի 27»-ին ինչ է տեղի ունեցել, , նախ պետք է հանդես գա այդ ասելիքով:

«Որեւէ մեկը չի հավատացել, որ դա «ուչաստկովիի» գործ էր: Ռոբերտ Քոչարյանը պատահական չհնչեցրեց «ուչաստկովիի» մակարդակի մասին՝ խոսելով, որ դրա հետեւում որեւէ լուրջ ուժ թե քաղաքական, թե արտաքին քաղաքական չի կարող լինել:

Այսպիսի հրեշավոր հանցագործություն կատարած մարդը, որ մեզ 20 տարի զրկել է զարգացման հեռանկարից, հնարավորություն է տվել այլ ուժերի մեր երկիրը մտցնել կոռուպցիոն այնպիսի համակարգի մեջ, որ 20 տարի հետո միայն հնարավոր եղավ դրանից ազատվելու: Այդ օլիգարխիկ, կոռուպցիան համակարգն էր, որ պահում էր իշխանությունը, որ ընտրությունից ընտրություն սպասարկում էր իշխանական վերաշերտին: Այսօր էլ տեսնում ենք, թե այդ վերնաշերտն ինչպիսի կատաղի պայքար է մղում հնարավոր բացահայտումները խոչընդոտելու համար՝ լինի «մարտի 1», թե ԱԺ քննիչ հանձնաժողով»,-ընդգծեց հանձնաժողովի նախագահը: