Որոնք են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացմանը նպաստող հիմնական գործոնները

Բացի այդ, կան նաև ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացմանը նպաստող մի շարք գործոններ, որոնցից հարկավոր է հնարավորինս խուսափել առողջության պահպանման համար

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը չի համարվում այս հիվանդության ամենատարածված տեսակներից մեկը, սակայն այն ամենավտանգավորներից է, քանի որ սովորաբար հայտնաբերվում է այն փուլում, երբ բուժումն սկսելու համար արդեն չափազանց ուշ է:

Վիճակագրական տվյալներով՝ ենթաստամոքսքայն գեղձի քաղցկեղով հիվանդների և այս հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թիվը տարեցտարի միայն աճում է, ինչին նպաստում է ժամանակակից մարդկանց կենսակերպը: Սա նշանակում է կենսակերպում որոշակի փոփոխություններ անելը կօգնի խուսափել հիվանդության զարգացումից:

Բացի այդ, կան նաև ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացմանը նպաստող մի շարք գործոններ, որոնցից հարկավոր է հնարավորինս խուսափել առողջության պահպանման համար: Դրանք են.

Վատ սովորությունները. ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը, ճարպակալումն ու մեծ քանակությամբ ճարպերով ու մսով հարուստ սննդակարգը լուրջ ազդեցություն են ունենում առողջության վրա և կարող են դառնալ անգամ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման պատճառ:

Բորբոքումները. ենթաստամոքսային գեղձի քրոնիկ բորբոքումը նույնպես կարող է հանգեցնել այս օրգանի քաղցկեղի զարգացման, ուստի նման խնդիրների դեպքում հարկավոր է զգոն լինել ու ժամանակին միջոցներ ձեռնարկել:

Շաքարային դիաբետը. այս հիվանդությունը չի համարվում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացմանը հանգեցնող անմիջական գործոն, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է լինել օնկոլոգիական հիվանդության զարգացման վաղ փուլերի մասին հուշող նախանշան: Գիտափորձը ցույց է տվել, որ 50 տարեկան հիվանդների մեծ մասի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հայտնաբերումից մի քանի տարի առաջ ախտորոշվել է նաև շաքարային դիաբետ:

Գենետիկ նախատրամադրվածությունը. սա շատ կարևոր նշանակություն ունի ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման հարցում: Ընդ որում՝ այս գործոնը հատկապես կարևոր է լինում այն դեպքում, երբ ենթաստամոքսային գեղձի քրոնիկ բորբոքումը նույնպես պայմանավորված է լինում գենետիկ նախատրամադրվածությամբ: Սա է պատճառը, որ հարազատներից որևէ մեկի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշման դեպքում մարդը պետք է զգոն լինի և պարբերաբար բուժզննում անցնի:

Վաղ հայտնաբերման խնդիրը. առայժմ գոյություն չունի ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման որևէ վստահելի մեթոդ, ինչի հետևանքով հիվանդությունը հաճախ աննկատ է զարգանում: Մասնագետները հույս ունեն հետագայում այս հիվանդությունն ախտորոշել արյան անալիզի միջոցով, սակայն առայժմ այս անալիզը չի համարվում քաղցկեղի վաղ ախտորոշման հուսալի մեխանիզմ:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտանշանները

Այս հիվանդությունը զարգացման վաղ փուլերում չի դրսևորվում որևէ ակնհայտ ախտանշանով, սակայն կան բավական արտասովոր ախտանշաններ, որոնք մարդիկ հաճախ վերագրում են այլ խնդիրներին: Նման ախտանշանների շարքին են դասվում մեջքի մշտական ցավերը, ուստի հարկավոր է շատ զգոն լինել ու անուշադրության չմատնել նման «հուշումները»:

Հարկ է հիշել, որ այնպիսի ախտանշանները, ինչպիսին են որովայնի վերին հատվածի ցավն ու ճնշման զգացողությունը, ախորժակի կորուստը, քաշի նվազումն ու դեղնուկը, ի հայտ են գալիս, երբ հիվանդությունն արդեն բավական տարածված է լինում, ուստի քաղցկեղի այս տեսակը մինչ նման ախտանշանների ի հայտ գալը հայտնաբերելը շատ կարևոր է:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru