Թուրքիան պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում. Հուսուլի Աքար

Մեր զորքերը լիովին պատրաստ են դրան

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Սիրիայի հյուսիս-արևելքում վերսկսել «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, հաղորդում է Газета-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարն ընդգծել է, որ թուրքական կողմը կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ԱՄՆ-ը չկատարի քրդական զորքերին թուրք-սիրիական սահմանից դուրս բերելու իր պարտավորությունը:

«Մեր զորքերը լիովին պատրաստ են դրան»,- ասել է Աքարը:

Նա հստակեցրել է, որ հնգօրյա ժամանակահատվածում, ինչպես պայմանավորվել են ԱՄՆ-ը և Թուրքիան, քրդական ուժերը պետք է դուրս բերվեն անվտանգության գոտուց:

Թուրք նախարարի խոսքով՝ քրդական ստորաբաժանումները պետք է հանձնեն ծանր զինտեխնիկան, իսկ նրանց դիրքերը պետք է ոչնչացվեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, Պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջոփ Թայիփ Էրդողանի միջև կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության ՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց: