Մարդ գլուխ չի հանում. քաղաքապետարանն ասում է՝ մերը չէ, մարզպետարանն ասում է՝ մերը չէ

Քաղաքացիներն ահազանգում են

«Վայքի ջրատարը մեծ վնաս է հասցնում սեփական տներին»,- ահազանգում են բնակիչները:

«Ջուր են բաց թողնում, կոնկրետ 4 սեփական տների մեծ վնաս է հասցնում: Այսքան ժամանակ դիմել ենք քաղաքապետարան, մարզպետարան, բայց՝ անօգուտ: Ջրատարից բաց թողնված ջուրը փլվածքներ է առաջացնում: Ներկա պահին իմ պտղատու ծառերը ջրի մեջ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտուշ Թարոյանը:

«Ջրատարը 1960-ական թվականներին սարքել են հիդրոԷլեկտրակայանի համար:  Այն նախատեսված է նաև ոռոգման համար: 4 տները, որոնք ավելի մոտ են  ջրատարին, այսինքն՝ մաքսիմում հեռավորությունը 5-6 մետր է, վնասներ են կրել ու կրում են: Վերջերս նաև երեխա է ջրատարում խեղդվել: Մարդ գլուխ չի հանում.  քաղաքապետարանն ասում է՝ մերը չէ, մարզպետարանն ասում է՝ մերը չէ: Հենց հիմա կոնկրետ ջուրը այգուս մեջ լցված է, մեծ վնաս է տալիս՝ չհաշված փլվածքները: Տարիներ շարունակ բարձրաձայնել ենք խնդրի մասին՝ հորդորելով պատկան մարմիններին ծածկել ջրատարը կամ գոնե վերանորոգել, սակայն ապարդյուն»,- նշեց Վայքի բնակիչը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 18:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի  Ջերմուկի խճուղու առաջին նրբանցքում կորել է 1 տարեկան երեխա։ Դեպքի վայր ժամանած փրկարարները և ոստիկանները Վայքի մայր ջրատարից դուրս են բերել 1-ամյա Արամ Թ.-ի դին:

Վայք համայնքի ղեկավարի և Ջրային կոմիտեի պատասխանը՝ կապված խնդրի հետ, կներկայացնենք ավելի ուշ: