Աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներն առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Շատ հաճախ դեմքը թարմացնելու, մաշկն առողջացնելու և աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից ազատվելու համար բավական է լինում պարզապես ինչպես հարկն է հանգստանալ ու կարգավորել քունը, սակայն այս մեթոդն անարդյունավետ է լինում, եթե մուգ շրջանակներն առաջանում են որևէ խանգարման ֆոնին կամ պայմանավորված են լինում ժառանգական նախատրամադրվածությամբ: Մասնագետները ներկայացրել են այն խանգարումները, որոնց մասին կարող են հուշել աչքերի տակ առաջացած մուգ շրջանակները:

Մուգ շրջանակների առկայությունը կարող է պայմանավորված լինել ծերացմամբ և կոլագենի ու ենթամաշկային ճարպի կորստի բնական գործընթացով, ինչի հետևանքով աչքերի տակի նուրբ մաշկը դառնում է էլ ավելի բարակ: Արդյունքում այդ հատվածում սկսում են նկատվել մանր անոթներն  ու մազանոթները, ինչի հետևանքով մաշկը մուգ երանգ է ստանում:

Մյուս պատճառը, որով կարող են պայմանավորված լինել մուգ շրջանակները, օրգանիզմում հեղուկի դեֆիցիտն է: Այս գործընթացը դանդաղեցնում է արյան ու ավշի հոսքը, սակայն այն առավել ակնհյատ է լինում հենց աչքերի հատվածում:

1

Աչքերի տակ կապույտ շրջանակներ կարող են առաջանալ նաև ալերգիաների դեպքում: Բանն այն է, որ ալերգիկ մարդկանց օրգանիզմում ակտիվ արտազատվում են հիստամիններ, ինչի հետևանքով սովորաբար նկատվում է աչքերի քոր ու արցունքահոսություն: Այս գործընթացն ուղեկցվում է նաև անոթների լայնացմամբ, ինչն էլ դառնում է մուգ շրջանակների առաջացման պատճառ:

Հեմոգլոբինի ցածր մակարդակը նույնպես հաճախ դրսևորվում է աչքերի տակ առաջացած մուգ հետքերով: Բանն այն է, որ այս խանգարման դեպքում նվազում է թթվածնի տեղափոխման համար պատասխանատու կարմիր բջիջների մակարդակը, ինչի հետևանքով արյունատար անոթները ստանում են ավելի մուգ երանգ և դառնում են ավելի ակնհայտ:

Բացի այդ, այս հատվածի մաշկի վրա կարող են բացասաբար անդրադառնալ նաև երիկամների հետ կապված խնդիրները, սրտանոթային հիվանդություններն ու վարակները, ուստի հարկավոր է զգոն լինել խնդիրը ժամանակին նկատելու և անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար:

1