UFC նախագահը մերժել է Մաքգրեգորին

Նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած մենամարտում Խաբիբ Նուրմագոմեդովը խեղդող հնարքով հաղթանակ էր տարել Մաքգրեգորի նկատմամբ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն այս տարի օկտագոն դուրս չի գա, հայտարարել է UFC նախագահ Դան Ուայթը:

«Խաբիբի հետ մենամարտից հետո ես կարծում էի, որ Մաքգրեգորն այլևս չի ցանկանա մենամարտ անցկացնել: Նա այնքան գումար ունի, որ մենամարտելու կարիք պարզապես չունի:

Այնուամենայնիվ, Քոնորը ցանկություն հայտնեց դեկտեմբերին մենամարտել Ֆրենկ էդգարի հետ, սակայն ես մերժել եմ Մաքգրեգորին: Էդգարն ավելի ցածր քաշային կարգի մարզիկ է և չի կարող մենամարտել Մաքգրեգորի հետ:

Կարծում եմ, որ Մաքգրեգորի հաջորդ մենամարտը տեղի կունենա 2020 թվականին»,- Ուայթի խոսքը մեջբերում է MMAJunkie-ն:

Ավելի վաղ Մաքգրեգորը հայտարարել էր, որ ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հետ:

Նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած մենամարտում Խաբիբ Նուրմագոմեդովը խեղդող հնարքով հաղթանակ էր տարել Մաքգրեգորի նկատմամբ: