Եվրոպան նոր պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի դեմ

Պատժամիջոցները կապված են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում թուրքերի գործունեության հետ

Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ անդամ պետությունները ղեկավարները հաստատել են կառույցի խորհրդի ընդունած որոշումը՝ Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Պատժամիջոցները կապված են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում թուրքերի գործունեության հետ։

Այս պատժամիջոցների ազդեցության տակ հայտնվելու են բոլոր այն մարդիկ և կազմակերպությունները, որոնք կապ ունեն Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ Կիպրոսի հարևանությամբ, Թուրքիայի կողմից ընդերքի հորատման ու  ածխաջրածինների հայտնաբերման աշխատանքների հետ։ ԵՄ անդամ պետությունների ղեկավարները նաև աջակցություն են հայտնում Կիպրոսին։

Հիշեցնենք, որ խնդիրը կապված է Կիպրոսի տարածքի թուրքական օկուպացիայի հետ։ Կղզի-պետության զգալի մասը ռազմակալելուց հետո Թուրքիան հիմա էլ սկսել է հորատել իր իսկ ստեղծած, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ափերի մոտ գտնվող տարածքը՝ նավթի արդյունահանման համար։ Կիպրոսը ԵՄ անդամ է, և ԵՄ մյուս անդամները աջակցում են պետությանը՝ Թուրքիայի դեմ սահմանափակումներ մտցնելով։