Պուտինը կանչեց Էրդողանին. Ի՞նչ «ճաշ» է եփվում Ասադի համար

Մինչ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում դատապարտում են՝ Ռուսաստանն իրարամերժ հայտարարություններ է անում և Էրդողանին հրավիրում բանակցությունների

Մինչ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում դատապարտում են՝ Ռուսաստանն իրարամերժ հայտարարություններ է անում և Էրդողանին հրավիրում բանակցությունների:

Հոկտեմբերի 22-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Սոչի է այցելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Առաջիկա այցի վերաբերյալ որոշ մանրամասներ հայտնել էր նաև թուրքական մամուլը, մասնավորապես՝ այցը կտևի մեկ օր, բանակցությունների հիմնական թեման էլ կլինի իրավիճակը Սիրիայում:

Էրդողանի այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ավելի վաղ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ: Պեսկովի խոսքով՝ այդ զրույցի ժամանակ Պուտինն ու Էրդողանը խոսել են այն մասին, որ պետք է հնարավորն անել թուրքական զինված ուժերի և Սիրիայի կառավարական բանակի միջև բախումը բացառելու համար:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը առաջին հերթին քննարկելու են առկա իրավիճակը, Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պահպանելու խնդիրները, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների մնացորդների դեմ անզիջում պայքարը: Լավրովի խոսքով, սրան զուգահեռ՝ երկու երկրների նախագահները Սոչիում պետք է քննարկեն սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման հնարավորություններ ստեղծելու հարցը:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 9-ին հայտարարել է Սիրիայում թուրքական «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության մեկնարկի մասին, որի նպատակը, նրա պնդմամբ, «Իսլամական պետություն» խմբավորման և քուրդ զինյալների ու «ահաբեկիչների» դեմ պայքարն է Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում: Պաշտոնական Անկարան պնդում է, թե այսպիսով ապահովում է Թուրքիայի սահմանների անվտանգությունը:

Չնայած Վաշինգտոնի կողմից կիրառվող պատժամիջոցներին, եվրոպական մի շարք պետությունների կողմից սահմանված սպառազինությունների ներկրման էմբարգոյին և միջազգային կառույցների հնչեցրած կոշտ քննադատությանը` Թուրքիան չի դադարեցնում Սիրիայի հյուսիսում նախորդ շաբաթ մեկնարկած հարձակումը: Արդեն երկրորդ օրն է, ինչ հիմնական մարտերը ծավալվել են Թուրքիային սահմանակից Ռաս Ալ Այն քաղաքում: Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի ընդդիմադիրները նախօրեին շարունակում էին մարտեր վարել այստեղ դիրքավորված քրդական ջոկատների դեմ:

Ամերիկյան աղբյուրների տեղեկություններով, սակայն, քրդական ուժերն առայժմ կարողանում են հաջողությամբ հետ մղել թուրքերի և նրանց սիրիացի դաշնակիցների հարձակումները` նախևառաջ օգտվելով այստեղ տարիների ընթացքում կառուցված թունելների և ստորգետնյա գաղտնի անցումների լայն ցանցից:

Չնայած թուրքական բանակի առաջխաղացման որոշակի արգելակմանը՝ Ռեջեփ Էրդողանը պնդում է, թե «Խաղաղության աղբյուր» անվանումը ստացած այս գործողությունը շարունակվելու է: Այդ մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Բաքվից վերադարձի ճանապարհին: Այսօր արդեն Անկարայում, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հստակ նախապայմաններ առաջ քաշեց, որոնց դեպքում թուրքական բանակի առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում կարող է դադարեցվել:

«Խաղաղության աղբյուր» գործողությունը կավարտվի այն պահին, երբ քուրդ զինյալները վայր դնեն զենքերը և լքեն մեր կողմից պլանավորվող անվտանգության գոտին, որը ձգվելու է Մանբիջից մինչև Իրաքի հետ սահման: Ամենաարագ լուծումը կլինի, եթե զինյալները զենքերը վայր դնեն մինչև չորեքշաբթի երեկո և հեռանան այդ տարածքից», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը:

Երեկ ուշ երեկոյան Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ: Ըստ Պուտին-Էրդողան բանակցությունների հիմնական թեման հենց սիրիական ճգնաժամն է լինելու: Սրան զուգահեռ՝ Սիրիայի կառավարական բանակը, քրդերի հետ կիրակի օրը ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, շարունակում է առաջխաղացումը դեպի հյուսիս: Ըստ վերջին տեղեկությունների՝ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը վերահսկողություն են սահմանել այն բոլոր ռազմակայանների նկատմամբ, որտեղ մինչև նախորդ շաբաթ տեղակայված էին ամերիկյան ստորաբաժանումները:

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է արդարացնել ամերիկյան ուժերը Սիրիայից դուրս բերելու իր անակնկալ որոշումը: «Մենք ցանկանում ենք վերադարձնել մեր զինվորներին, որոնք աշխարհի լավագույն մարտիկներն են: Սիրիայում, սակայն, նրանք ոստիկանական գործառույթներ էին իրականացնում, չնայած այն հանգամանքին, որ ոստիկաններ չէին: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք նրանց տուն վերադարձնել, դե իսկ Թուրքիայի և շատ այլ ուժերի հանդեպ մենք շատ կոշտ դիրքորոշում ենք որդեգրել», - նշել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի հայտարարության ֆոնին հայտնի դարձավ, որ Մանհեթենի շրջանային դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել թուրքական պետական Halkbank-ին: Ամերիկացի իրավապահների պնդմամբ՝ Թուրքիայի խոշորագույն ֆինանսական այս կառույցը 2012-2016թթ. ակտիվորեն օժանդակել է Իրանի իշխանություններին` մեքենայությունների հատուկ սխեմաների միջոցով պաշտոնական Թեհրանին հնարավորություն ընձեռելով հաջողությամբ խուսափել ամերիկյան պատժամիջոցներից:

Մետաքսյա Շալունց