Այն, ինչ արվում է իշխանության կողմից, Հրայր Թովմասյանի անձին չի վերաբերում, դա Հայաստանի պետականությանը վերաբերող հարց է. փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադարձել է այն փաստին, որ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն
 Երվանդ Վարոսյան

Պետության կողմից ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու նրա հարազատների նկատմամբ իրականացվող գործողությունները միայն նրա դեմ չեն, դա բոլորի խնդիրն է, և այդ հարցում պետք է չռել, պետք է ազդել իշխանության գործողությունների վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով փաստին, որ Հատուկ քննչական ծառայությունում պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իսկ Հրայր Թովմասյանի հայր ու դուստրերը հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն։

- Պարո՛ն Վարոսյան, նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը «բուդկա» է, հետո եղավ «Իմ քայլի» նախաձեռնությունը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, որը ՍԴ-ն վարույթ չընդունեց, այդ ընթացքում կալանավորվեցին Հրայր Թովմասյանի սանիկները, ՍԴ-ում ԱԺ-ի դիմումը վարույթ չընդունվելուց հետո եղավ Արման Բաբաջանյանի դիմումը, որի հիման վրա ՀՔԾ-ն գործ է հարուցել, հիմա էլ ԱԱԾ են հրավիրվել Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերը: Ի՞նչ է կատարվում ՍԴ-ի շուրջ և ի՞նչ է սպասվում իշխանության այս քայլերի հետևանքով:

- Այս գործողություններն անթույլատրելի են, և սա առնչվում է բոլորին, իրավաբանները չպետք է լռեն, պետք է իշխանությանն ասել, հասկացնել, որ այդպես չի կարելի: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իշխանության կենտրոնացման հարցում անգամ այն մարդիկ, որոնց համար այսպես ասած հարազատ է գործող իշխանությունը, այդ մարդիկ ևս չպետք է լռեն, իրենք էլ չպետք է թույլ տան, որպեսզի իշխանությունը կատարի այն սխալները, որոնք այսօր կատարում է: Հրայր Թովմասյանի նկատմամբ սանձազերծված գործողություններ են կատարվում սկսած մեդիադաշտով, վերջացրած սանիկների կալանավորումով, կարգապահական չստացված վարույթով, ու դրա չստացվելուց հետո ՀՔԾ-ում քրեական գործի հարուցումով, հիմա էլ նրա հարազատներին  ԱԱԾ հրավիրելով: Սա արդեն ամեն ինչ ակնհայտ է դարձնում, և այսքանից հետո ես չեմ կարող պատկերացնել մարդ, որ կարողանա հերքել, որ սա ուղղակի Հրայր Թովմասյանին կամ ՍԴ նախագահին ուղղված կոնկրետ գործողություն պարտադրել է:

 Ասում եք՝ պետք է բոլորը խոսեն, որովհետև սա միայն ՍԴ-ին վերաբերող հարց չէ: Ինչպես խոսեն, խոսողներին ու ընդդիմացողներին էլ կհրավիրեն ԱԱԾ, նրանց հարազատներին էլ, անպայման կգտնվի որևէ մեկը, որ ՀՔԾ դիմում կտանի, իսկ ՀՔԾ-ն էլ անպայման գործ կհարուցի:

- Չի կարող այդպիսի բան լինել, Ձեր նկարագրածն արդեն տոտալ բռնապետություն է, ուրեմն ասեմ, եթե կան մարդիկ, որոնք կարող են հավատալ, որ Հայաստանում հնարավոր է ձևավորել տոտալ բռնապետություն, նրանք միամիտներ են, չի լինելու նման բան, ՀՀ-ն չունի  ո՛չ սուբյեկտիվ, ո՛չ օբյետկիվ հիմք բռնապետություն դառնալու: Չի՛ լինելու նման բան:  

- Իսկ հիմա այն, ինչ արվում է, ժողովդրավարակա՞ն է:

- Իհարկե, ժողովրդավարական չէ։ Ես ասացի, թե այդ քայլերն ինչին են ուղղված: Բայց ես համոզված եմ, որ մենք բոլորս չպետք է լռենք, չպետք է վախենանք, չպետք է մտածենք, որ օրինակ՝ Հրայր Թովմասյանի անձի նկատմամբ բացասական վերաբերմունք ունենք, դա հիմք ընդունենք, ու լռենք, սա Հրայր Թովմասյանին չի վերաբերում, սա Հայաստանի պետականությանը վերաբերող հարց  է, ՀՀ սահմանադրական դատարանի գոյության հարց է:

- Պարո՛ն Վարոսյան, ո՞րն է, ի վերջո, իշխանության նպատակը, ի՞նչ է ցանկանում վաստակել այդ քայլերով: 

- Գամ հեռվից: Նախորդ իշխանությունից սկսած ասեմ, որ ՍԴ-ն իր գործունեության ընթացքում շատ է քննադատվել, Հրայր Թովմասյանից առաջ էլ, Գագիկ  Հարությունյանի ժամանակվանից, ես ինքս էլ բազմաթիվ անգամներ քննադատել եմ: Հատկապես համարել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ՍԴ-ն լիարժեք անկախ չէ օրվա քաղաքական իշխանությունից: Ի՞նչ ունենք մենք այսօր, արդյո՞ք այսօր էլ է ՍԴ-ն կախվածության մեջ օրվա քաղաքական իշխանությունից: Սա է դեղատոմսը, ՍԴ-ն երրորդ տեսակի չի լինում, այն կամ լինում է կցորդ, կամ չի լինում: Այսօր ստեղծված է իրավիճակ, որ անկախ նրանից, թե ոնց, երբ, ում միջոցով, ինչ սկզբունքով է ձևավորվել ՍԴ-ն, մենք ունենք մի մարմին, որը, կարծես թե, որոշակիորեն ցույց է տալիս, որ ինքը օրվա իշխանության կցորդը չէ: Հիմա, սա լա՞վ է, թե վատ է, իհարկե լավ է: Ի՞նչ կունենանք մենք սրան այլընտրանք, եթե այս ճնշումները ՍԴ-ի վրա հաջողեն ու ստացվի ձևավորել օրվա իշխանության սրտի Սահմանադրական դատարանը: Մենք կվերադառնանք այն կետը, որտեղից, կարծես թե, շարժվել ենք, այսինքն՝ կունենանք օրվա իշխանություն, իր կցորդ դատական համակարգով: Սա է, երրորդ տարբերակ ուղղակի չկա:

- Իրավապահ մարմինների ղեկավարները, կարծես թե, իրենց մնալ–չմնալու հարցն են լուծում Հրայր Թովմասյանի դեմ գործելով, արդյո՞ք դա այդպես է, օրինակ՝ ԺՊ-ներից ԱԱԾ տնօրենը, օրինակ՝ ՀՔԾ-ի կողմից քրեական գործի հարուցումը …

- Դա իրենք չեն էլ թաքցնում, բացահայտ այս սկզբունքի մասին ասում են, իշխանական պատգամավորներ են բացահայտ հայտարարում, բա, օրինակ, ինչո՞ւ եմ ես քննադատաբար վերաբերվում գործող իշխանության քայլերին, եթե նման բան չլինեին, ես էլ կկանգնեի ծափ կտայի, ինչպես շատերը, բայց երբ սա է իրավիճակը, որ դու պետք է լինես լավը, որ լինես մերը, իսկ մերը լինելը նշանակում է անել մեր ասածը, այդպես մենք իրավական պետություն չենք ունենալու:

   

ՀեղինակԲեթղեհեմ Արաբյան