Ցնցված եմ ոստիկանների նկատմամբ այդ դաժան գործողությունից. Վարուժան Ավետիսյան

Այս անկառավարելի վիճակի մեղավորը իշխանություններն են

Ցնցված եմ ոստիկանների նկատմամբ այդ դաժան գործողությունից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին դատարանում  NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով այս գիշեր Ազատության  պողոտայում ոստիկանի սպանության դեպքին։

«Դատապարտում եմ անշուշտ և շատ խիստ եմ դատապարտում։ Այդպիսի անկառավարելի վիճակ ստեղծելու համար մեղադրում եմ այսօրվա գործող իշխանություններին, որոնք բավարար արդյունավետ քայլեր չեն կատարում»,–ասաց նա։

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ մարդկանց կյանքերն իրար հավասար են և բարձրագույն արժեք են։

«Միևնույն ժամանակ ցուցանիշային է ոստիկանների դեմ ոտնձգությունը, որովհետև չարվեց այն, ինչ պետք է արվեր։ Կառավարման ճգնաժամ կա և այդ ճգնաժամը խորանում է, ինչի հետևանքով առաջանում և առաջանալու են նման իրավիճակները»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Նշենք, որ Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված զինված խմբի՝ «Սասնա ծռերի» կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ ՊՊԾ գունդ մուտք գործելու եւ զավթելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ այս գիշեր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության ավագ, 38–ամյա  Տիգրան Առաքելյանը և վիրավորվել 25–ամյա Ա. Հակոբյանը: Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու,մ զենքը խլելու և ոստիկանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են երկու եղբայրներ։