Երգիչներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Անանյան

Պետական եկամուտների կոմիտեն գրություն էր ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դարձյալ անդրադարձավ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու հարցին։

«Պետական եկամուտների կոմիտեն գրություն էր ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները: Այդ 9 ներկայացուցչից դեռևս մի քանիսն են հայտարարագրել իրենց եկամուտները, մի քանիսն էլ արտասահմանում են՝ խոստացել են վերադառնալուց հետո հայտարարագրել»:

ՊԵԿ նախագահը նաև ասաց, որ երգիչներից մեկի նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել, քանի որ հրաժարվել է եկամուտները հայտարարագրել:

Հարցին՝ անուն կտա՞, թե որ երգչի մասին է խոսքը, Անանյանն ասաց․ «Բնականաբար, անուն չեմ կարող նշել»։