Եթե Ադրբեջանը համարում է, որ մենք օկուպացրել ենք իրենց տարածքները, թող մեզ դատի տա միջազգային ատյաններում

Բաբկեն Արարքցյանն ու Վանո Սիրադեղյանը եկել էին Աղդամ եւ ասում էին, որ պետք է լքենք Աղդամի տարածքը

Այսօր Ադրբեջանը, մի շարք այլ պետություններ իրենց շահերից բխելով հայտարարում են, որ Ադրբեջան տարածքային ամբողջականությունը պաշտպանվի, բայց որն է այդ տարածքը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալլեյտենանտ Վիտալի Բալասանյանը:

«Մի մասն ասում է դա ներառում է միայն այսօրվա գործող սահմանները, մի մասը ներառում է 7 շրջանները, իսկ մի մասն էլ ներառում է նաեւ Արցախը, իսկ Ադրբեջանն էլ խոսում է Երեւանի ու Զանգեզուրի մասին: Եթե Ադրբեջանը համարում է, որ մենք օկուպացրել ենք իրենց տարածքները, թող մեզ դատի տա միջազգային ատյաններում: Մենք այսօր չտեսանք, որ Ադրբեջանի ժողովուրդը՝ ի դեմս իր ղեկավարության, նման հարց բարձրաձայնի»,-ասաց նա: