Առանց Աստծուն ապավինելու և նրա սուրբ հոգով լցվելու, մարդն անզոր է որևէ քայլ անել և նպատակներ իրագործել

Աստված է միայն իր ժողովրդի ճշմարիտ թագավորը, և այդ ժողովրդի մեջ օրինական իշխանություն կարող է հաստատել միայն այն անձի միջոցով, ով ամբողջապես ընդունում է Աստծո իշխանությունը և հնազանդվում Նրա կամքին

Թագավորաց գիրքը Հին Կտակարանի կանոնի պատմական գրքերից է: Այն բաժանվում է 4 հիմնական մասերի` Թագավորաց Ա, Բ, Գ, Դ:

Թագավորաց Ա գրքում հիմնականում պատմվում է Սամուել մարգարեի հերոսական արարքների, Աստծո հանդեպ հավատարմության և նրա հավատավոր, ընտրյալ լինելու մասին: Սամուել մարգարեն դատավորներից վերջինն էր, ում Աստված տագնապալի ժամանակներում ուղարկեց իր ժողովրդին առաջնորդելու: Նա կրկնակի պաշտոն է վարում, թե՛ քաղաքական և թե՛ կրոնական իմաստով:

Իսրայելը, չբավարարվելով դատավորների միջնորդություններից, որոշում է ունենալ մի քաղաքական իշխանություն, որը կլինի առավել կանոնավոր և հուսալի: Աստծո նախախնամությամբ և ժողովրդի պահանջով՝ Սամուելը, իր վերապահություններին հակառակ, Իսրայելի թագավոր է կարգում Սավուղին: Սակայն որոշ ժամանակ անց Սավուղը շեղվում է ճշմարիտ ճանապարհից և անհավատարմություն ցուցաբերում Աստծո նկատմամբ, ինչի արդյունքում զրկվում է Տիրոջ պաշտպանությունից: Այդ ժամանակ Աստված Սավուղի հաջորդող է ընտրում Դավթին:

Երիտասարդ Դավիթը ծառայության է անցնում Սավուղի մոտ և ընտելանալով պալատական կյանքին՝ մինչ իր փախուստը խույս է տալիս Սավուղից, որն ուզում էր սպանել նրան: Գրքի 16-30 գլուխները ցույց են տալիս Սավուղի աստիճանական անկումը և Դավթի հզորության մեծացումը: Գիրքն ավարտվում է Սավուղի և նրա որդիների մահվան պատմությամբ, որը տեղի է ունենում փղշտացիների դեմ մղված ճակատամարտի ընթացքում:

Այս գրքի յուրահատկությունն այն է, որ այն ստիպում է յուրաքանչյուր հավատացյալի ևս մեկ անգամ հիշել, որ Աստված է միայն իր ժողովրդի ճշմարիտ թագավորը, և այդ ժողովրդի մեջ օրինական իշխանություն կարող է հաստատել միայն այն անձի միջոցով, ով ամբողջապես ընդունում է Աստծո իշխանությունը և հնազանդվում Նրա կամքին:

Թագավորաց Բ գիրքը սկսվում է մի հուզիչ ողբով, որը Դավիթն արտասանում է, երբ լսում է Սավուղի և նրա որդի Յովնաթանի մահվան մասին: Այնուհետև անդրադարձ է կատարվում, թե ինչպես է Դավիթը դառնում Իսրայելի 12 ցեղերի թագավոր: Այս գրքում Դավթի կերպարը ներկայացված է առանց ավելորդ գունազարդման, այնպիսին, ինչպիսին որ նա եղել է իրականում: Գիրքը վկան է նրա մեծության և հզորության, սակայն չի թաքցնում նաև նրա թուլությունները և նկարագրում է այն ողբերգական իրադարձությունները, որոնք կատարվել են նրա ընտանիքի կյանքում: Այդուհանդերձ, Դավիթը մեզ ներկայանում է իբրև մարդկային ամենավեհ գծերով և կերպարանքով օժտված մի անհատականություն, որի ամենամեծ առավելությունը այն էր, որ կարողանում էր ընդունել սեփական սխալները և դրանց համար ներողություն խնդրել:

Հետագայում՝ հատկապես բռնության ժամանակաշրջանում, Դավիթը իսրայելցիների համար դառնում է փրկարար թագավորի հազվագյուտ օրինակ, որին Աստված էր ուղարկել՝ իր ժողովրդին փրկելու:

Հարկ է նշել, որ այս և սրա նախորդ գիրքը կազմում են մեկ ամբողջություն և կոչվում Սամուելի առաջին և երկրորդ գրքեր:

Թագավորաց Գ գիրքը ներկայացնում է Դավթի ծերությունը և նրա որդի Սողոմոնի ու հաջորդների իշխանության ժամանակաշրջանը: Գալիս է մի ժամանակաշրջան, երբ Դավիթն այնքան է ծերանում, որ այլևս պարզապես ի վիճակի չի լինում արդյունավետ կերպով ղեկավարել երկիրը: Այդ ժամանակ նրա որդիներից երկուսը դավեր էին նյութում նրա դեմ՝ ցանկանալով դառնալ նրա հաջորդողը: Ի վերջո այդ պայքարում հաղթում է Սողոմոնը և կարգվում թագավոր: Նրա իշխանության ժամանակաշրջանը նշանավորվում է հատկապես տաճարի և թագավորական պալատի կառուցմամբ:

Ցավալի է, բայց Սողոմոնն իր կյանքն ավարտում է անհավատարմությամբ և կռապաշտությամբ: Այդ ժամանակ Աստված թույլ է տալիս, որ թագավորությունը կազմալուծվի, ապա քայքայվի: Այդ ամենից հետո շուրջ երկու դար, ամբողջ երկրում իրար կողք կողքի իշխում են երկու հրեական թագավորություններ, որոնք և դաշնակցում էին միմյանց հետ և թշնամանում:

Գրքում հատկապես ընդգծված է, թե որքան անհրաժեշտ է, որ թագավորը հավատարիմ լինի Աստծուն: Այդպիսի հավատարմությունը հանդիսանում է ազգի բարգավաճման աղբյուրը, իսկ կռապաշտությունն ու Աստծուն անհնազանդությունը անխուսափելիորեն դրդում են աղետի: Գրքում տարբեր ժամանակներում հանդես են գալիս բազմաթիվ մարգարեներ, որոնք հիշեցնում են մարդկանց Աստծո օրենքները: Նրանցից գլխավորը Եղիա մարգարեն է:

Թագավորաց Դ գիրքը հանդիսանում է նախորդի շարունակությունը: Այստեղ հատկապես հիշատակվում են Հուդայի և Իսրայելի թագավորությունների վերջին միապետերի իշխանության ժամանակաշրջանին կատարվող դեպքերն ու իրադարձությունները: Առաջին հատվածը մեզ պատմում է Իսրայելի թագավորության կործանման մասին, որը շատ վատ էր կառավարվում Աստծուն անհավատարիմ թագավորների կողմից: Նրանց խստասրտության պատճառով Աստված թույլ է տալիս Ասորեստանի թագավոր Սալմանասարին, որպեսզի գրավի Իսրայելի հյուսիսային թագավորության մայրաքաղաք Սամարիան (Ք. Ա 722 թ.) և աքսորի նրա բնակիչների մի մասին:

Գրքի բազմաթիվ գլուխներում, որպես տիրական դեմք, հանդես է գալիս Եղիսէ մարգարեն, ով հանդիսանում էր Եղիա մարգարեի աշակերտն ու հաջորդողը: Երկրորդ հատվածում ներկայացվում է շուրջ 130 տարվա մի շրջանի պատմություն, որի ընթացքում Հուդայի թագավորությունը շարունակում է միայնակ պահպանել իր գոյությունը, մինչ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի կողմից Երուսաղեմի գրավումը (Ք.Ա 578 թ.): Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորը կործանում է տաճարը և Հուդայի երկրի բնակչության ընտրանուն գերեվարում Բաբելոն:

Աստվածաշնչի Թագավորաց գիրքը լուռ վկայությունն է առ այն, որ առանց Աստծուն ապավինելու և նրա սուրբ հոգով լցվելու, մարդն անզոր է որևէ քայլ անել և նպատակներ իրագործել, քանզի նրան է պատկանում և զորությունը և իշխանությունը և փառքը. Ամե'ն:

Արմեն Չաքմիշյան

qahana.am