Եթե կարելի էր 10-20 տարի ժողովրդին այսպես մանիպուլյացիայի ենթարկել, կշարունակեն անել դա ու հավատալ իրենց ստերին. նախկին պատգամավոր

Կարինե Աճեմյանը նշեց նաև, որ հեղափոխությունից 1,5 տարի է անցել, սակայն, դեռ խոսում ենք հեղափոխությունից, որովհետև որևէ անելիք, օրակարգ չունեն, մանիպուլյացիայի են դիմում բոլոր թվերի մասով

Համաշխարհային մամուլի համար Հայաստանն այլևս հետաքրքիր չէ: Հայաստանն աստիճանաբար «իզգոյի» կարգավիճակում է հայտնվում: Որևէ երկրում չեն խրախուսում ո՛չ հեղափոխություն, ո՛չ պոպուլիզմ: Բոլորը հասկացել են, որ դա ուղիղ անդունդ է: Իսկ մենք 1,5 տարի է անցել, դեռ խոսում ենք հեղափոխությունից, որովհետև որևէ անելիք, օրակարգ չունեն, մանիպուլյացիայի են դիմում բոլոր թվերի մասով: Իշխանություններն անվերջ ստում են: Եթե կարելի էր 10-20 տարի ժողովրդին այսպես մանիպուլյացիայի ենթարկել, կշարունակեն անել դա ու հավատալ իրենց ստերին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կարինե Աճեմյանը:

Աճեմյանը խոսեց նաև սփյուռքահայերի մասին, ովքեր իր խոսքերով, շատ ոգևորված էին Հայաստանում տեղի ունեցածով. «Ինչո՞ւ չեն վերադառնում հայրենիք, ո՞ւմ համար են արել: Պարզվում է, որ Գրին քարտի համար այս տարի ավելի շատ մարդիկ են պայքարում: Հիմա այդ հեղափոխություն ասվածն ո՞ւմ էր պետք, մե՞զ»:

Սիրիահայերի մասով Աճեմյանն ասաց, որ հարցը շատ լուրջ է, պետությունը պետք է պատրաստ լինի ընդունել նրանց. «Պետք է բարձր մակարդակով արձագանք լինի Սիրիայի դեպքերին, ինչը չկա: Դրա փոխարեն բարձր մակարդակով արձագանք է լինում հարցերի մասով, որոնք դրան արժանի չեն»:

Բանախոսը պնդեց, երբ Ալիևն ինչ-որ բան է ասում Հայաստանի մասին, արձագանքը լինում է միայն իրենց կողմից, իսկ իշխանությունները լռում են. «Երևի դա մտնում է իրենց խաղասիրական ծրագրի մեջ, որը Նիկոլ Փաշինյանի կինը երկար ժամանակ քարոզում էր: Այս ամեն ինչը մեզ վատ տեղ է տանելու»: