Արցախում կբացվեն Սիմոն Մարտիրոսյանի և Նազիկ Ավդալյանի անունները կրող մարզադահլիճներ

«Հուսով եմ՝ մարզաձևի արցախցի ապագա չեմպիոնների համար այս օրը պատմական կդառնա»

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մարզիկներ  Սիմոն Մարտիրոսյանի և Նազիկ Ավդալյանի անունները կրող մարզադահլիճներ կբացվեն Ստեփանակերտում և Շուշիում.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի մոտ դիմավորեցի մեր դյուցազուններին՝ Եվրոպայի եռակի ու աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին և օրերս ծանրամարտի աշխարհի չեմպիոնական տիտղոսները նվաճած Սիմոն Մարտիրոսյանին և աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանին՝ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ:

Շնորհավորելով նրանց փայլուն մրցելույթների համար՝ նախաճաշի սեղանի շուրջ աշխարհի և եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանի և ծանրամարտի Արցախի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանի մասնակցությամբ քննարկեցինք Արցախում ծանրամարտի զարգացման հեռանկարները:

Լավագույն լուծումը, որն առաջարկվեց մեր մարզիկների կողմից, նոր մազադպրոցների ու մարզադահլիճների բացումն է: Տեղում խոստացա նախաձեռնել չորս մարզադահլիճի բացման և կահավորման աշխատանքները, որոնցից երկուսի աշխատանքները կմեկնարկեն մինչև տարեվերջ:

Դրանցից առաջինը կլինի Ստեփանակերտում և իմ առաջարկով կկրի Սիմոն Մարտիրոսյանի անունը, իսկ երկրորդը՝ Շուշիում՝ Նազիկ Ավդալյանի անվամբ: Մյուս մարզադահլիճները ևս կկրեն մեր լեգենդար ծանրորդների անունները, բայց այդ մասին՝ ավելի ուշ:

Նրանք էլ իրենց հերթին խոստացան ավելի հաճախ լինել Արցախում և արցախցի պատանի մարզիկների հետ հետևողական աշխատանք տանել: Իհարկե, այս գործում իր «ծանր քաշային» դերակատարությունը պիտի ունենա մեր ծանրամարտի ասոցիացիան: Հուսով եմ՝ մարզաձևի արցախցի ապագա չեմպիոնների համար այս օրը պատմական կդառնա»: