Աչքիս նորից սկսեմ ճանապարհ փակել. Փաշինյան

«Ես կառավարության նիստի ժամանակ հայտարարեցի, որ խնդիր չկա խաղողի մթերման մասով: Փաստորեն մարդիկ էլ ասացին՝ «ո՞նց չկա, հենց հիմա ստեղծենք», շատ արագ ստեղծվեց այդ պրոբլեմը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի գործարարների հետ քննարկում է բիզնեսին հետաքրքրող հարցերն ու ներդրումային ապագա ծրագրերը: Քննարկմանը մասնակցում է նաև «Ոսկեվազի Գինու Գործարանի» հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանը, ով վարչապետի ուշադրությունը հրավիրեց Եղեգնաձորում տեղի ունեցող զարգացումների վրա:

Հովհաննիսյանը նշեց, որ Եղեգնաձորում խաղողի մթերման հետ կապված խնդիրենր կան. «Գյուղացիները շատ հետաքրքիր մեթոդ են ընտրել, որն աշխատող տարբերակ է, նրանք ուղղակի ճանապարհ են փակում»:

«Ես կառավարության նիստի ժամանակ հայտարարեցի, որ խնդիր չկա խաղողի մթերման մասով: Փաստորեն մարդիկ էլ ասացին՝ «ո՞նց չկա, հենց հիմա ստեղծենք», շատ արագ ստեղծվեց այդ պրոբլեմը»,-ծիծաղելով հայտարարեց Փաշինյանը:

Հովհաննիսյանն իր հերթին ասաց, որ ստեղծված իրավիճակի մեղավորներից մեկն ինքն է: Նա ասաց, որ անցած տարի գյուղացիները նույնպես ճանապարհը փակեցին, ինչի արդյունքում ինքը ստիպված եղավ 450 դրամով խաղող մթերել. «Նրանց չէր հետաքրքրում այն, թե ինչպես եմ ես իմ պարտավորությունները կատարելու, հետաքրքրում էր միայն այն, որ վաճառեն իրենց խաղողը»:

Հովհաննիսյանն ասաց, որ հիմա ինքն այդ գնով չի առնելու, դրա համար գյուղացիները ճանապարհ են փակում, որպեսզի շատ նորմալ գինը՝ 200 դրամը, բարձրացնեն. «Նրանք հաջող փորձ ունեն, դրա համար կրկնում են դա: Չի կարելի այդպես, սա չի կարելի սարքել նորմալ երևույթ: Վաղը մյուսներն էլ են փակելու»:

«Դե հիմա բոլորը ճանապարհ են փակում, ասում են, եթե վարչապետին կարելի է, իրենց էլ է կարելի: Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհ փակել»,-ծիծաղելով ասաց Փաշինյանը: