Գիտնականները գտել են կրծքագեղձի քաղցկեղի հաղթահարմանն օգնող բջիջներ

Գիտնականների խոսքով՝ հայտնագործությունը կօգնի նոր մեթոդների մշակմանը, որոնք մեծացնում են պացիենտների ապրելիության եւ առողջանալու հնարավորությունները

Ֆրենսիս Կրիկի ինստիտուտի եւ Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները մարդու կրծքագեղձի հյուսվածքներում հայտնաբերել են իմունային բջիջների յուրահատուկ տեսակ: Մարդիկ, ում մոտ այս բջիջները շատ են, կրծքագեղձի քաղցկեղի դեպքում, ամենայն հավանականությամբ, ողջ կմնան:

MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ խոսքը գամմա-դելտա-T բջիջների յուրահատուկ ենթատեսակի մասին է, որոնց առկայությունը կապված է կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղով պացիենտների մոտ  հիվանդության ռեմիսիայի հետ: Գամմա-դելտա-T բջիջները հատուկ բջիջներ են, որոնք նախապես հայտնաբերում էին մարդու աղիներում եւ մաշկում:

Նշենք, որ ամեն տարի ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղի մոտ 55 հազար նոր դեպք, որոնց մոտ 15 տոկոսը եռակի բացասական է: Սա ուռուցքների անչափ ագրեսիվ տարատեսակ է, որը չի արձագանքում հորմոնային թերապիային, իսկ քիմիաթերապիան դրա զարգացումը զսպում է կարճ ժամանակահատվածում:

Գիտնականների խոսքով՝ հայտնագործությունը կօգնի նոր մեթոդների մշակմանը, որոնք մեծացնում են պացիենտների ապրելիության եւ առողջանալու հնարավորությունները: Ուռուցքների դեմ պայքարի համար կարելի է արհեստականորեն խթանել գամմա-դելտա-T բջիջների արտադրումը կամ դրանք փոխպատվաստել դոնորի հյուսվածքներից: