Չորս ամիս է` Գյումրիում գործող մանկատան ֆինանսավորումը դադարեցվել է. գոյացել է մոտ 10 մլն դրամ պարտք

Տնօրեն Սոնյա Սիմոնյանի խոսքով` սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, որոնք 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, հունիսից դադարեցրել են գումար տրամադրել` առանց հստակ պատճառաբանության

Այս տարվա հունիսից «Թռչունյան տուն» մանկատան ֆինանսավորումը դադարեցվել է, և այս պահին մանկատունն ունի շուրջ 10 միլիոն դրամի պարտք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիում գործող «Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Սոնյա Սիմոնյանը: 

Վերջինիս խոսքով` սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, որոնք 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, հունիսից դադարեցրել են գումար տրամադրել` առանց հստակ պատճառաբանության: «Հավանաբար այլ տեղերում են իրականացնում ֆինանսավորում, իրենց որոշումն է»,- նշեց Սիմոնյանը:

Սոնյա Սիմոնյանը տեղեկացրեց, որ ֆինանսավորման դադարեցումից հետո մանկատան 84 սաների սնունդը պարտքով է գնվել, իսկ 53 աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվել, արդյունքում գոյացել է մոտ 10 միլիոն դրամ պարտքը:

«Թեև աշխատակիցները 4 ամիս է` չեն վարձատրվում, բայց շարունակում են բարեխղճորեն աշխատել: Այստեղ, ի դեպ, աշխատավարձը պետական հաստատությունների համեմատ 50 %-ով ավելի ցածր է: Առաջնայինը երեխաների սննդի հարցն էր, որն ամբողջ ընթացքում տրվել է բոլոր նորմերին համապատասխան: Որոշ չափով էլ կարողացել ենք կոմունալ վճարումներ կատարել»,-ասաց հաստատության տնօրենը` ընդգծելով, որ «Թռչունյան տունը» միշտ աշխատել է բարերարների օժանդակությամբ, պետական ֆինանսավորում չի ունեցել և չունի:

«Թռչունյան տուն» մանկատան տարածքն անհատույց տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից, այժմ էլ, Սոնյա Սիմոնյանի խոսքով, սպասում են Մայր Աթոռի աջակցությանը` նոր դոնոր գտնելու գործում:

«Հուսանք` առաջիկա շաբաթվա ընթացքում որևէ լավ նորություն կունենանք: Թեև հստակ հովանավոր այս պահին չկա, բայց Մայր Աթոռն ամեն ինչ անում է դրա համար»,- ամփոփեց Սոնյա Սիմոնյանը:

Նշենք, որ «Թռչունյան տունը» Գյումրիում գործում է 2003 թվականից: Այն ներառում է երկու կառույց` դպրոցն ու խնամքի կենտրոնը: