Խոշոր վթար Արարատի մարզում. մեքենան գլխիվայր շրջվել է, վարորդը՝ հոսպիտալացվել

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը
Ավտովթար

ԱԻՆ «911» ծառայությունն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 16:44-ին տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Land Rover Discovery» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սերոբ Դ., ծնված 1987 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: