Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփիրին եւ Ջուդի Չուին

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ուղղություններով խորացնելու շուրջ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփիրին եւ Ջուդի Չուին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի լրատվության բաժնից։

Նախագահը բարձր է գնահատել նրանց գործունեությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ շնորհակալություն հայտնելով ի նպաստ Հայաստանի եւ Արցախի նրանց գործադրած ջանքերի համար:

ԱՄՆ կոնգրեսականները Հանրապետության նախագահին տեղեկացրել են Հայաստան իրենց այցի նպատակների եւ ունեցած հանդիպումների մասին՝ նշելով, որ այցի շրջանակում եղել են նաեւ Արցախում: Նրանք նախագահ Սարգսյանին փոխանցել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը, Արցախում կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ շարունակական ֆինանսական օժանդակության ցուցաբերմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ուղղություններով խորացնելու շուրջ: Նախագահ Սարգսյանը հյուրերին ծանոթացրել է նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM ծրագրին: Անդրադարձ է եղել նաեւ մշակութային ոլորտում փոխգործակցության զարգացմանը: