Ուկրաինայում երկու գլխով աղջիկ է ծնվել

Մասնագետի կանխատեսմամբ, աղջիկները, հնարավոր է, առավելագույնը մի քանի ամիս ապրեն

Ուկրաինայի Չեռնովիցկի շրջանում երկու գլխով երեխա է ծնվել։ Իրականում, դա, իհարկե, սիամական զույգ է՝ մեկ մարմնով, երկու գլխով։

Ինչպես տեղեկացնում է «360»-ը, գենոլոգ, Դ.Օ. Օտտոյի անվան մանկաբարձության եւ գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի ի ծնե եւ ժառանգական նախածննդյան ախտորոշման լաբորատորիայի ղեկավար Վլադիսլավ Բարանովը կարծում է, որ «մեղավորն» այստեղ, ամենայն հավանականությամբ, ոչ թե գենետիկան է, այլ արտաքին գործոնների ազդեցությունը։

Նրա խոսքերով, նման շեղման կարող էր հանգեցնել ուլտրաձայնի կամ որոշ դեղամիջոցների ազդեցությունը, եւ ոչ թե գենետիկ սխալը։ Պտղի ոչ ճիշտ զարգացումը արդեն կարելի է նկատել հղիության հինգից տասներորդ շաբաթների ընթացքում։

Մասնագետի կանխատեսմամբ, աղջիկները, հնարավոր է, առավելագույնը մի քանի ամիս ապրեն։ Այնուամենայնիվ, մեկ սրտով երկվորյակներին կարելի է վիրահատել, սակայն դա շատ բարդ եւ թանկ կլինի։

Երկու գլխով աղջկա ծնվելու մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 29-ին։ Դեռեւս ներարգանդային զարգացման ընթացքում մասնագետները հայտնաբերել էին արատը, սակայն դա կնոջ առաջին հղիությունն էր, եւ նա որոշել է այն չընդհատել։ Վաղաժամ ծննդաբերությունը տեղի է ունեցել 33-րդ շաբաթում, շրջանային հիվանդանոցում։