«Սանիտեք»-ը կարող է գալ ու իր կոտրված աղբամանները տանել. Հայկ Մարության

Երկու օրից հանդիպում կա պարոն փոխվարչապետի հետ, որի արդյունքում արդեն կոնկրետ կպլանավորենք մեր գործողությունները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` խոսելով այն մասին, որ «Սանիտեք» ընկերությունն, այնուամենայնիվ, կարող է որոշել դիմել դատարան,ասաց. «Մենք ընդհանրապես ոչ մի մտավախություն չունենք կապված արբիտրաժի հետ։ Մենք պատրաստ ենք դրան»։


Հարցին, վերջնականապես լուծված է արդյո՞ք աղբահանությամբ զբաղվող նոր հիմնարկի կազմի, տեխնիկական հագեցվածության հարցը, Մարությանն ասել է, որ կազմը և տեխնիկան համալրվում է, և մոտակա ամիսների ընթացքում վերջնական պրոցեսը կավարտվի։

Խոսելով տրանսպորտի հետ կապված հարցերի մասին՝ քաղաքապետն ասել է, որ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն այս պահին աշխատում է․ «Երկու օրից հանդիպում կա պարոն փոխվարչապետի հետ, որի արդյունքում արդեն կոնկրետ կպլանավորենք մեր գործողությունները»։


Մարությանն անդրադարձել է նաև վերելակների հետ կապված հարցին՝ նշելով, որ տենդերն ու մրցույթները կայացել են․ «Հարցին ավելի գլոբալ լուծում տալու համար նույնպես գերատեսչական աշխանքային խումբ է ստեղծվել, որն աշխատում է: Պարբերաբար փոխվարչապետի մակարդակով հանդիպումներ են լինում, որպեսզի հարցին ավելի գլոբալ լուծում տրվի»,-ասել է նա՝ հավելելով, որ մրցույթների ավարտից հետո հաղթողները կիրականացնեն աշխատանքները։

«Քաղաքում սանմաքրումը նոր է սկսվում, մինչ այդ իրականացվել է աղբահանություն: Այս պահին աշխատում է 34 մեքենա, նախատեսվում է, որ պետք է աշխատի 54-ը։ Իսկ արդյունքները դուք կտեսնեք մի քանի ամիս անց։ Այս պահին աղբահանությունը ես գնահատում եմ դրական, բայց վերջնական չէ։ Այն, ինչ ես պատկերացնում եմ, այս պահին չկա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «Սանիտեքի» աղբամաններին, քաղաքապետն ասել է, որ հատուկ խմբեր են ստեղծվել, գույքագրում են արել. «Չնայած տեղյակ լինելուն, ընկերությունը ոչ գույքագրմանն է մասնակցել, ոչ էլ հավաքել է դրանք: Հիմա աղբամանները տեղափոխվում են հատուկ պահպանվող վայր, որտեղ նորից գույքագրում է լինում, եթե ընկերությունը ցանկություն ունի, կարող է իր կոտրված աղբամանները տանել»: