Խաչատուրյան քույրերի եղբայրն ամեն ինչի մասին տեղյակ է եղել ու լռել է. նոր մանրամասներ

Արսեն Խաչատուրյանը հայտարարել էր, որ քույրերի հաշվեհարդարի պատճառը ոչ թե ստորացումներն ու սեռական բռնությունն են եղել, այլ Միխայիլ Խաչատուրյանի խստությունն ու պահպանողականությունը

Արսեն Խաչատուրյանը` հանգուցյալ Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը, իրականում իմացել է, թե ինչպես է հայրը վարվում դուստրերի հետ։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Ավելի վաղ Արսեն Խաչատուրյանը հայտարարել էր, որ քույրերի հաշվեհարդարի պատճառը ոչ թե ստորացումներն ու սեռական բռնությունն են եղել, այլ Միխայիլ Խաչատուրյանի խստությունն ու պահպանողականությունը։

«Միայն ոչ մեկին այդ լուսանկարը ցույց մի տուր։ Եվ ոչ մեկին ոչինչ մի պատմիր։ Նա դև է», – քույրերից մեկին գրել է Արսենը։

Երբ Խաչատուրյան քույրերը սպանել են հորը, Արսենը նույնիսկ չի պաշտպանել նրանց, այլ հակառակը` փորձել է համոզել հանրությանը, որ աղջիկները մեղավոր են և պետք է համապատասխան պատիժ կրեն։

Արսեն Խաչատուրյանը մասնակցել է Առաջին ալիքի եթերով հեռարձակվող «Թող խոսեն» և «Իրականում» հաղորդումներին և վստահեցրել, որ Միխայիլը բարի մարդ էր, իսկ բռնության վարկածը ոչ այլ ինչ է, քան քույրերի հորինած պատմությունը։

Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։

Նշենք, որ քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս երկուսը` գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել հոր սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգել։

Հիշեցնենք` Մոսկվայի Սանահինյան դատարանը 2018թ–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։

armeniasputnik.am