«ՍԴ-ի հարցը չպետք է դարձնել հայոց հարց». Էդմոն Մարուքյան

Սա առաջին սահմանադրական պրոցեսն է, որին մենք կողմ ենք, քանի որ գտնում ենք, որ կան կարգապահական խախտման հիմքեր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նորմալ է վերաբերվում այն հանգամանքին, որ Ստրասբուրգից «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շտապեցին վերադառնալ Հայաստան՝ մասնակցելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի փակ քվեարկությանը, որի արդյունքում ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակների մոտ Մարուքյանը գործընկերոջ հետ մնացել է միայնակ:

«Այդ քայլը նորմալ  եմ գնահատում, այն քաղաքական քայլ է, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր առաջնահերթությունները: Դա նրանց որոշումն է, եթե ասել են, որ բոլորը պետք է մասնակցեն քվեարկությանը և հետ գան գործուղումներից, ապա ես չեմ կարող դա որևէ կերպ մեկնաբանել: Ինչ վերաբերում է ադրբեջանցիների հարձակումներին, ապա դա եղել է երկուշաբթիից ուրբաթ, այսինքն՝ դա եղել է ամեն օր, ամեն թեմայով: Առաջին երեք օրերին, երբ եղել են «Իմ քայլի» պատգամավորները, նրանք էլ են խոսել, հետևաբար՝ չեմ կարծում, որ այնտեղ իմ մենակ մնալու հարց կար»,- խորհրդարանում նշեց Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների  դադարեցման վերաբերյալ նախագծին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ հիմքեր տեսնում է:

«Սա առաջին սահմանադրական պրոցեսն է, որին մենք կողմ ենք, քանի որ գտնում ենք, որ կան կարգապահական խախտման հիմքեր: Եթե Սահմանադրական դատարանը մերժի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին դիմումը, ապա պետք է հստակ պատճառաբանում ներկայացնի, թե ինչն է եղել որոշման հիմքում։ Եթե ՍԴ-ն գիտի, որ չկան համապատասխան հիմքեր, ապա այլ մեխանիզմ նախագծում առկա հիմքերն առաջ մղելու չկա։ Հետևաբար, ցանկացած որոշման հետ պետք է հաշվի նստենք»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

Հարցին՝ կպաշտպանե՞ն ՍԴ-ին քրեաիրավական գնահատական տալու՝ Արման Բաբաջանյանի նախաձեռնությունը, նա պատասխանեց, որ քրեաիրավական գնահատականի տեղ չի տեսնում։ Ավելին, եթե նման բան լինի, ապա «Իմ քայլը» դաշինքը ներկայացրած կլիներ:

«Եթե Գագիկ Հարությունյանը շուտ է հրաժարական տվել, Հրայր Թովմասյանը շուտ է առաջադրվել, ո՞ր հոդվածով հետապնդվի: Կարող  է՝ շատ պոպուլյար բան է ասելը, որ բոլորին պետք է կախել կամ գնդակահարել, բայց պետք է նաև հաշվի առնել մեր ունեցած հնարավորությունները: Այս հարցը չպետք է լինի ՀՀ օրակարգի առաջին հարցը։ ՍԴ-ի այդ խնդիրը դարձվել է իդեա-ֆիքս, հայոց հարց, շատ սխալ է, որովհետև եթե մի հարց դու դարձնում ես «հայոց հարցը», հետո գնում ես ու չես կարողանում լուծել, դա հետևանքներ է  ունենալու քո համար: Հետևաբար՝ հարյուր անգամ ասացինք՝ ՍԴ հարցը չպետք է դարձնել «հայոց հարցը», կա կարգապահական խախտում, դրա համար դիմել ենք, կտեսնենք՝ ինչ կլինի»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը: