Զորակցությունս եմ հայտնում Անժելա Թովմասյանին. Արփինե Հովհաննիսյան

Այս հարձակումը փորձաքար է իշխանությունների համար

Զորակցությունս եմ հայտնում Անժելա Թովմասյանին՝ «Հայելի ակումբ»-ի վրա այսօրվա հարձակման կապակցությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին մեկուկես տարում անընդհատ բարձրաձայնել եմ, որ, եթե միջոցներ չձեռնարկվեն ատելության խոսքի տարածումը, այլակարծության նկատմամբ անհադուրժողականությունը կանխելու համար, շատ մեծ է հավանականությունը, որ դրանք առցանց տիրույթից ներթափանցելու են իրական կյանք։

Այսօրվա հարձակումը ասածիս վկայությունն է։ Այս հարձակումը փորձաքար է իշխանությունների համար՝ մասնավորապես, թե ինչպես է պետությունը արձագանքում խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությանը՝ անկախ տվյալ զանգվածային լրատվության միջոցի եւ դրա ներկայացուցիչների նկատմամբ իշխող ուժի ունեցած վերաբերմունքից։

Այս հարցում իշխանության ցանկացած տապալում տապալում է խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների, արդյունքում՝ իրավական պետության համար»:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան եւ Հայկ Ստեփանյան, ձվեր են նետել «Հայելի. ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։