Ծննդյանս օրը նա ինձ ամուսնության առաջարկություն արեց

Լիլուն առաջին անգամ պատմում է սիրելիի և դեկտեմբերին կայանալիք հարսանիքի մասին
Լիլու

Երգչուհի Լիլուն ամուսնանում է: Կյանքի հետաքրքիր փուլի, սիրելիի հետ հանդիպելու առաջին մանրամասները երգչուհին պատմել էBlogNews.am-ին: Լիլուն չի շտապում սիրելի հետ համատեղ լուսանկարներ հրապարակել. ասում է՝ հարսանիքի օրը կլինի ամենահարմար պահը իրենց միասին տեսնելու համար:   

«Մենք ծանոթացել ենք 2005 թվականին. միասին աշխատում էինք նույն ակումբում, որտեղ ես երգում էի: Իրար շատ էինք համակրում, անգամ սիրահարված էինք, բայց այլ հարթակ չտեղափոխվեցին մեր հարաբերությունները»,- պատմում է երգչուհին:

ԼԻԼՈՒ

Տարիներ հետո, երբ երկուսն էլ տեղափոխվեցին ԱՄՆ, կրկին հանդիպեցին, և ամեն ինչ փոխվեց. «Շատ պատահական ենք հանդիպել ԱՄՆ-ում, բայց որպես շատ լավ ընկերներ: Ես առհասարակ չէի մտածում լուրջ հարաբերությունների մասին և չէի պատկերացնում, որ մեր միջև կարող է ինչ-որ բան լինել, բայց կամաց-կամաց նա այնպես արեց, որ մեր հարաբերությունները լրջացան»:

ԼԻԼՈՒ

Լիլուի ծննդյան օրն էլ զույգը նշանադրվել է. «Այդ օրը նա ինձ անակնկալ մատուցեց և ընտանիքիս, ընկերներիս առաջ ինձ ամուսնության առաջարկություն արեց ու մատիս մատանի դրեց: Ես չէի մտածում ամուսնության մասին, քանի որ ինձ համար առաջին տեղում որդիս է՝ Ռոբերտը, բայց սիրելիս եկավ այն ժամանակ, երբ ընդհանրապես չէի սպասում»։

Ապագա ամուսնու մասին շատ քնքշանքով է խոսում. «Նա այն տղամարդկանցից է, որ յուրաքանչյուր կին կերազի իր կողքին տեսնել: Կնամեծար է, չափազանց ուշադիր, հոգատար: Մենք նաև լավ ընկերներ ենք և իրար հանդեպ հարգանք ունենք: Նա իմ կյանքը լցրեց մեկով, որի տեղը միշտ թափուր է եղել: Այն հենարանը, որը ես երբեք չեմ ունեցել, նա դարձավ»:

ԼԻԼՈՒ

Դեկտեմբերին կայանալիք հարսանիքին գրեթե ամեն ինչ պատրաստ է, միայն հարսանեկան զգեստը դեռ չեն ընտրել. երգչուհին դեռ չի որոշել ինչպիսի զգեստ է ուզում կրել. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր կին իրավունք ունի երջանիկ լինելու, եթե ոչ առաջին, ապա երկրորդ անգամ հաստատ: Նույնը մաղթում եմ բոլորին, որ իրենց կյանքում գտնեն խաղաղությունը, և իրենց կյանքը ներդաշնակ լինի»,- եզրափակեց Լիլուն։ 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի