Ծեծկռտուք՝ Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում. կոտրել են բժշկի քիթը

Նշված կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ։

Վիճաբանություն-ծեծը տեղի է ունեցել հիվանդանոցում՝ տնօրենի աշխատասենյակում, և պատճառը եղել է այն, որ Վ. Համբարձումյանի հորը Ն. Մանուկյանը աշխատանքից ազատել է, և այսօր Վ. Համբարձումյանը պարզաբանումներ ստանալու նպատակով մտել է տնօրենի մոտ, և խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև՝ ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ Վ. Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։ 

ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը ծեծի է ենթարկել կենտրոնի բժիշկներից մեկին: 

«Այսօր Ժամը 13:50-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել քաղաքացուց, որ ուռուցքաբանության ինստիտուտում տնօրենի պաշտոնակատարը ծեծի է ենթարկել իր որդուն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տնօրենի պաշտոնակատարն իր աշխատասենյակում վիճաբանել է տվյալ բուժհաստատության բժիշկներից մեկի հետ, որի ընթացքում ձեռքերով վնասներ է հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածք: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր»,- հայտնեցին ոստիկանությունից: