Հովհաննես Թամամյանին «Մարտի մեկի» գործով դեռևս մեղադրանք չեն առաջադրել

Նախկին պաշտոնյան հերքում տեղեկությունները և հավելում, որ որ իրեն չեն հրավիրել ՀՔԾ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանը «Մարտի մեկի» գործով դեռևս որևէ դատավարական կարգավիճակ չունի։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց  Թամամյանը՝   նշելով, որ իրեն չեն հրավիրել ՀՔԾ։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից էլ NEWS.am–ին հայտնեցին, որ չեն մեկնաբանում, թե այս պահին ինչ դատավարական կարգավիճակ ունի Թամամյանը։

Հիշեցնենք, որ Թամամյանի անունը «Մարտի մեկի» գործով շոշափվեց օրեր առաջ։ Նրան է վերագրվում այս գործով կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթերի ստորագումը։

Ըստ գործի նյութերի՝ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, հետին ամսաթվով ստորագրել են կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008թ. հունիսի 16-ի որոշմամբ ստեղծված՝ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբստեղծված Փորձագետների փաստահավաք խմբին և հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին եւ նրանց հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ: