Հրաժարական և արտահերթ ընտրություններ. ելքը սա է

Փաշինյանի անհեռատես քաղաքականությունը Արցախի հարցում հղի է լուրջ վտանգներով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Հայաստանի իշխանությունը ամբողջությամբ մսխել է մեր նպաստավոր դիրքերը Արցախյան կարգավորման բանակցություններում:

Մինչ Փաշինյանի կողմնակիցները շարունակում են հրճվել սելֆիների, աննպատակ լայվերի և ՍԴ-ի վրա հարձակվելու քայլերից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ուղիղ մեղադրանք է հնչեցնում Փաշինյանի հասցեին՝ բանակցությունները փակուղի տանելու համար:
Սա առաջին դեպքն է, երբ համանախագահող երկիրը նման դիրքորոշում է հայտնում:

Փաշինյանի անհեռատես քաղաքականությունը Արցախի հարցում հղի է լուրջ վտանգներով: Իսկ Ազգային ժողովը քննարկում է ամեն ինչ, բացի այս հարցից…
Եթե նախկինում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը ուղիղ մեղադրում էր Ադրբեջանին և նրա քայլերը որակում պրովոկացիա, ապա հիմա միջազգային հանրությունը բանակցությունների ձախողման պատասխանատվությունը դնում է Հայաստանի նոր ղեկավարության վրա:

Ավելին, որևէ մեկը չգնահատեց Փաշինյանի նահանջ հայտարարությունը, թե կարգավորումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին:
Կիրթ և նորմալ հռչակված Ալիևի պատասխանը Վալդայի համաժողովում հենց դրա վկայությունն է:

Կանգ առ և սթափվելու կոչն արդեն ուշացած է:
Հրաժարական և արտահերթ ընտրություններ. ելքը սա է»: