Ես շփվում եմ միայն լրատվամիջոցների հետ և ոչ մի ցանկություն չունեմ շփվելու ռեժիմի քարոզչամեքենաների հետ

Հ1-ը վերջին ամիսներին բացահայտորեն զբաղված է ՍԴ նախագահի դեմ ռեժիմի կողմից սանձազերծված բացահայտ քաղաքական, հնարավորինս ցինիկ և ապօրինի արշավի սպասարկմամբ

Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր էջում գրում է․

«Քիչ առաջ հեռախոսազանգ եմ ստացել Հ1-ի Պետրոս Ղազարյանից: Հրավիրում էր մասնակցել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հեռուստաքննարկմանը: Հրավերքը չեմ ընդունել: Որովհետև Հ1-ը վերջին ամիսներին բացահայտորեն զբաղված է ՍԴ նախագահի դեմ ռեժիմի կողմից սանձազերծված բացահայտ քաղաքական, հնարավորինս ցինիկ և ապօրինի արշավի սպասարկմամբ: Հ1-ի եթերի վերջին 3-4 ամիսների անգամ հպանցիկ մոնիթորինգը ցույց կտա, թե ինչպես է հանրային միջոցներով գործող հեռուստաընկերությունը միակողմանիորեն լուսաբանել ՍԴ շուրջ ստեղված իրավիճակը, թե ովքեր ու ինչ հաճախականությամբ են Հ1 եթերով առանց որևէ քողարկման, առանց այլակարծության ապահովման գեթ մեկ նշույլի փորձել վարկաբեկել ՍԴ-ն ու ՍԴ նախագահին, թե ինչպես է Հ1-ը վերածվել Սահմանադրական դատարանի ու սահմանադրականության ոչնչացմանն ուղված քաղաքական ռեպրեսիաների գործիքի:

Մեկ անգամ էլ այստեղ եմ ֆիքսում՝ ես շփվում եմ միայն լրատվամիջոցների հետ և ոչ մի ցանկություն չունեմ շփվելու ռեժիմի քարոզչամեքենաների հետ»: