Սա քաղաքական հարց է, և որոշումը կայացված է. Փաշինյանը մերժեց Դավիթ Անանյանի առաջարկը

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ նախագիծը նախապես քննարկվել է և ինքը ստացել է իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, հետևաբար՝ չեն կարող լինել այնպիսի իդեալական լուծումներ, որոնք դուր գան բոլորին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը դեմ է, որպեսզի ՊԵԿ քննչական վարչությունը  հակակառուպցիոն ռազմավարության շրջանակներում միավորվի Քննչական կոմիտեին։

Ըստ Անանյանի՝ ՊԵԿ-ը հնարավորություն չի ունեցել ներկայացնել նախագծի այդ կետի վերաբերյալ իր առարկությունները։

«ՊԵԿ Քննչական վարչությունն առանձնահատուկ է նրանով, որ հարկային և մաքսային ծառայող հանդիսացող քննիչներն ավելի համապարփակ գործունեություն իրականացնելու հնարավորություն ունեն, հարկային և այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության հասանելիության և ավելի սերտ համագործակցության արդյունքում ավելի արդյունավետ են գործում, և այն խնդիրները, որոնք դրված են ՊԵԿ-ի վրա, դրանց իրագործման համար ունեն իրենց կարևոր մասնակցությունը»,- ասաց  Դավիթ Անանյանը՝ իր անհամաձայնությունները ներկայացնելով այդ միավորման վերաբերյալ։

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ նախագիծը նախապես քննարկվել է և ինքը ստացել է իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, հետևաբար՝ չեն կարող լինել այնպիսի իդեալական լուծումներ, որոնք դուր գան բոլորին։

«Էդ քննարկումը նրա համար էր, որ վերջնականացնենք բոլոր մտահոգությունները, և ոնց որ՝ այդ քննարկման արդյունքում եկանք վերջնական լուծումների։ Կարծում եմ՝ ինչ քննարկեցինք, որոշեցինք, այդ տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք»,- ասաց  Փաշինյանը։

Դավիթ Անանյանը շարունակեց պնդել, որ ՊԵԿ քննչական վարչությունը Քննչական կոմիտեին միավորելու վերաբերյալ առաջարկվող դրույթը ևս մեկ անգամ խորացված քննարկման անհրաժեշտություն ունի, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ սա քաղաքական հարց է, և քաղաքական որոշումը կայացված է։

«Երբ սրա արդյունքում պարզվի, որ կա մի փաստարկ, որ հաշվի չենք առել, կարող ենք այդ հարցին վերադառնալ»,- ասաց  Փաշինյանը։

Նախագիծն ընդունվեց։