Ամուսնանալ 30 անգամ երկու տարվա ընթացքում

Ճամփորդության վերջում նրանք ի լուր աշխարհի կհայտնեն, թե պսակադրության համար որն է նրանց ամենասիրած վայրը

Ալեքս Պելինգն ու Լիզա Հանթը պատրաստվում են երկարաձգել իրենց մեղրամիսը երկու տարով, որպեսզի շրջագայեն ողջ աշխարհում և իրենց սեփական փորձով պարզեն, թե որտեղ է պսակադրության արարողություն անցկացնելու լավագույն վայրը: Առաջին անգամ նրանք ամուսնացել են Մանչեսթերում, որին պետք է հետևեն Կանադան, Հնդկաստանը, Չինաստանը, Հավայան կղզիները, Հարավային Աֆրիկան, իսկ պսակադրության մի արարողությունն էլ կլինի ինքնաթիռում:

Ճամփորդության վերջում նրանք ի լուր աշխարհի կհայտնեն, թե պսակադրության համար որն է նրանց ամենասիրած վայրը: «Այն, թե արդյոք մենք հարսանեկան թխվածք կկտրենք Մարոկկոյում՝ բերբերական վրանում կամ կպարենք Թաիթիում` ջրվեժի տակ, յուրաքանչյուր ոք կարող է իմանալ մեր բլոգից, որտեղ մենք ողջ աշխարհի հետ կկիսվենք մեր փորձով»,- ասել են բրիտանացի սիրահարները:

Այս ամենի համար նրանք արդեն ունեն ամեն ինչ՝ մոտ 50 հազար ֆունտ ստերլինգ, ստացված բոլոր վիզաները, ինչպես նաև արվել են անհրաժեշտ պատվաստումները՝ արևադարձային երկրներում հիվանդություններից պաշտպանված լինելու համար: