Նա խելացի է. Պուտինի արժանիքները հաստատում է ՌԴ-ից վտարված միլիարդատեր ընդդիմադիրը

Կրեմլի առաջնորդի մասին մեծահարուստ Միխայիլ Խոդորկովսկին պատմել է ամերիկացի ռեժիսոր Ալեքս Գիբնիի «Քաղաքացի X» ֆիլմում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենահայտնի ընդդիմադիրներից մեկը՝ մեծահարուստ Միխայիլ Խոդորկովսկին համարում է, որ Պուտինը չափազանց խելացի և տաղանդավոր մարդ է։

Պուտինի մասին Խոդորկովսկին պատմել է ամերիկացի ռեժիսոր Ալեքս Գիբնիի «Քաղաքացի X» ֆիլմում։ Ֆիլմում Պուտինի իշխանության 20 տարիները ներկայացվում են Խոդորկովսկու հետ հակամարտության միջոցով, հաղորդում է «Ազատությունը»։
Հիշեցնենք, որ Միխայիլ Խոդորկովսկին 2000-ականների սկզբին, երբ Պուտինը նոր էր նախագահ ընտրվել նախագահ, Ռուսաստանի ամենահարուստ մարդն էր։ Նրան էր պատկանում Ռուսաստանի նավթային ամենամեծ մասնավոր «ՅՈՒԿՕՍ» ընկերությունը։ 2003-ին իշխանությունները Խոդորկովսկուն ձերբակալեցին, մեղադրեցին նրան տարբեր հանցագործությունների մեջ, նա 10 տարի անցկացրեց կալանավայրերում։ 2013-ի դեկտեմբերին Պուտինը Խոդորկովսկուն ներում էր շնորհել՝ Ռուսաստանից հեռանալու պայմանով։

Վերջին 5 տարիներին Խոդորկովսկին ապրում էր Լոնդոնում, նա աջակցում է ռուսաստանյան լիբերալ ընդդիմության, ֆինանսավորում է հասարակական կազմակերպություններին և պարբերաբար հանդես է գալիս Ռուսաստանի իշխանություններին և անձամբ Պուտինին քննադատող հայտարարություններով։
Ֆիլմում Խոդորկովսկին պատմում է Պուտինի մասին, մասնավորապես, ասում է, որ Պուտինը կարող է շատ վատ մարդ է, սակայն, անկասկած, խելացի է, հակառակ դեպքում 20 տարի շարունակ չէր կարող պահել իր իշխանությունը։ Բացի այդ նրա խոսքով Պուտինն անցել է КГБ-ի հզոր դպրոց։

«Նա կարողանում է իր կողմ քաշել զրուցակցին, եթե ձախ հայացքներ ունեք, օրինակ, նա այնպես է զրույցը տանում, որ կմտածեք, թե ինքն էլ է մի քիչ ձախ», - ֆիլմում պատմում է Միխայիլ Խոդորկովսկին։

Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ մարդը, որը մեծ ազդեցություն ուներ Բորիս Ելցինի նախագահության տարիներին, ասում է, թե միանշանակ ընդունել էր Պուտինին իր ժառանգորդը դարձնելու մասին Ելցինի որոշումը, քանի որ մեծ հարգանք ուներ Ելցինի նկատմամբ և համարում էր, որ քաղաքականությունից Բորիս Ելցինն ավելի շատ բան է հասկանում, քան ինքը:

Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև 1999 թվականի ահաբեկչություններին, երբ Մոսկվայում պայթեցրել էին բնակելի շենքեր, պարբերաբար խոսվում է այն մասին, որ այդ ահաբեկչության հետևում Ռուսաստանի հատուկ ծառայություններն են և Վլադիմիր Պուտինը, որի վարկանիշը բարձրացել է հենց այդ պայթյուններից հետո, այս մասին ասում էր ռուսաստանցի նախկին լրտես Ալեքսանդր Լիտվինենկոն, ում թունավորել էին 2006-ին Մեծ Բրիտանիայում։

Խոդորկովսկին ֆիլմում ասում է, որ չի կրող նման մեղադրանքներ հնչեցնել, քանի դեռ չկան բավարար լուրջ ապացույցներ։ Փոխարենը նախկին օլիգարխը համոզված է, որ, օրինակ, Լիտվինենկոյին և Սկրիպալներին թունավորելու մասին որոշումը համաձայնեցված էր Պուտինին հետ։ «Ես գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ այն համաձայնեցված էր, քանի որ պատկերացնում եմ, թե ինչպես են գործում այդ ծառայությունները մեր երկրում։ Իրավիճակը այլ է Բորիս Նեմցովի հետ, նրան սպանելու մասին որոշման հետ Պուտինը համաձայն չէր, սակայն ստանձնեց պատասխանատվությունը այդ հանցագործության համար, քանի որ անձամբ թույլ չի տվել անցկացնել լիարժեք հետաքննություն», - ասել է Խոդորկովսկին։

Մետաքսյա Շալունց