Շուրա, իսկ որքա՞ն է քեզ պետք՝ հոգիդ սատանային չվաճառելու համար

«Դատավորը պետք է ստանա բավարար աշխատավարձ, ապրի բարեկեցիկ կյանքով, դատավորին վայել կյանքով եւ ունենա աշխատելու բավարար պայմաններ։ Դրանից հետո նոր կարելի է խոսել դատավորի իրական անկախության եւ անկաշկանդվածության մասին»,- կարծում է ԲԴԽ նախագահը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարցրինք՝ ինստիտուցիոնալ առումով ի՞նչ փոփոխություններ են պետք, որ դատավորները հնարավորինս անկախ եւ անաչառ լինեն՝ չնայելով ուրիշի ձեռքին։

«Դատավորը պետք է ստանա բավարար աշխատավարձ, ապրի բարեկեցիկ կյանքով, դատավորին վայել կյանքով եւ ունենա աշխատելու բավարար պայմաններ։ Դրանից հետո նոր կարելի է խոսել դատավորի իրական անկախության եւ անկաշկանդվածության մասին»,- կարծում է Ռուբեն Վարդազարյանը, ով համոզված է, որ դատավորներն այսօր հոգեպես ավելի ազատ ու անկաշկանդ են, քան նախկինում։

- Կմանրամասնե՞ք՝ ինչպե՞ս եք պատկերացնում այդ բավարար աշխատավարձի չափն ու բարեկեցիկ պայմանները, որ «վայել են դատավորին»։

- Վերջերս նման ճեպազրույց ունեցա, որտեղ բացատրեցի, որ մի քանի միջազգային հասարակական կառույցներ՝ դրանք Դատավորների միջազգային միությունն է, Դատավորների եվրոպական միությունն է, բազմաթիվ խարտիաներ կան ստորագրված, եւ ամբողջն ընդունված է, որ դատավորի աշխատավարձը պետք է լինի ոչ պակաս 8 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ազգային դրամ։ Եվ նշանակություն չունի՝ Հայաստանում, թե աֆրիկյան որեւէ երկրում կամ ԱՄՆ-ում։ 8 հազար դոլարից պակասի դեպքում կոռուպցիոն ռիսկերը միշտ առկա են։ Դրանից է բխում ե՛ւ բարեկեցիկ կյանքը, ե՛ւ հոգեվիճակը։

- Ես, իհարկե, նախանձով եմ նայում այն դատավորներին, որոնք 8 հազար դոլար աշխատավարձ կստանան, բայց եթե համեմատենք լրագրողների աշխատանքի հետ, որը եւս այդ առումով ռիսկային մասնագիտություններից է, ապա մենք՝ լրագրողներս, որքա՞ն պետք է ստանանք, որ մաքսիմալ ազատ, անկախ լինենք, եւ մեզ էլ չմեղադրեն ոչ անաչառ լինելու մեջ։

- Հումորո՞վ պատասխանեմ, թե՞ իրական։

- Ինչպես հարցս ընկալեցիք, այդպես։

- «Տասներկու աթոռը» հիշո՞ւմ եք՝ Իլֆ եւ Պետրովի, երբ ասում է՝ Շուրա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար։ Հիմա Դուք ասեք՝ ինչքա՞ն եք ուզում։ Ես դատավորների անունից ասում եմ՝ 8 հազարից ոչ պակաս։

- Մենք երբեւէ կհասնե՞նք Ձեր ասած այդ նիշին։

- Միանշանակ, հասնելու ենք։

- Բայց ասում են՝ մարդու ձեռքը եթե սովոր է լինում, անկախ աշխատավարձի չափից, միեւնույն է՝ աչքը կտնկի կողմնակի եկամուտներին։

- Դե, դրա համար հետազոտություն են արել եւ որոշել են, որ 8 հազարի դեպքում այդ ռիսկերը նվազում, զրոյի են հավասարվում։
 

 

Վահե Մակարյան