Հրայր Թովմասյանին ուղղված գրության մեջ տեղ է գտել տեխնիկական վրիպակ. Վլադիմիր Վարդանյան

Նշվել է "հոկտեմբերի 24", համապատասխան աշխատակիցներից, ով մասնակցել է փաստաթղթի կազմանը պահանջել եմ ներկայացնել գրավոր բացատրություն

ՀՀ Իմ քայլի պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր էջում գրում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումների մասին առ այն, որ Հրայր Թովմասյանին ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ս.թ. սեպտեմբերի 24֊ին անցկացվելիք նիստին մասնակցելու հրավեր ուղարնվել է ս.թ. սեպտեմբերի 23֊ին Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, որից հետո ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմին հեռախոսազանգի միջոցով լրացուցիչ տեղեկացվել է ս.թ. սեպտեմբերի 24֊ին ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի հանձնաժողովի նիստի վայրի և ժամի մասին։

Հրայր Թովմասյանին ուղղված գրությունը կազմվել է ՀՀ Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից, ՀՀ ՍԴ աշխատակազմին հեռախոսազանգով գրության մասին տեղեկացրել է Հանձնաժողովի գործավարը։

Այո, հարգելի հայրենակիցներ, գրության մեջ տեղ է գտել տեխնիկական վրիպակ և նշվել է "հոկտեմբերի 24", համապատասխան աշխատակիցներից, ով մասնակցել է փաստաթղթի կազմանը պահանջել եմ ներկայացնել գրավոր բացատրություն։

Երրորդ, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում որևէ պահանջ չի նախատեսվում սույն հարցի քննարկման ընթացքում գլխադասային հանձնաժողովի նիստին ՍԴ համապատասխան դատավորին հրավիրելու պարտավորության վերաբերյալ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով քննարկվելիք հարցի բնույթը պրն Հրայր Թովմասյանը հրավիրվել էր Հանձնաժողովի նիստին։

Ս.թ. սեպտեմբերի 24֊ին տեղի ունեցած Հանձնաժողովի նիստում ես հրապարակայնորեն տեղեկացրել եմ Հանձնաժողովի անդամների և ներկաներին պրն Թովմասյանին Հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր ուղարկելու մասին։

Տեղեկացնում եմ նաև, որ սեպտեմբերի 24֊ի հերթական նիստի օրակարգում նշված հարցի քննարկումը պայմանավորված էր օրենսդրությամբ սահմանված ժամկետների պահպանմամբ»։