«Արաբկիր բժշկական» կենտրոնը հերքում է, որ երեխայի մոտ առկա է հետպատվաստումային բարդացում․ ԱՆ խոսնակ

Երեխայի ծնողներին խնդրում ենք, հարցերի դեպքում հետադարձ կապ պահել նախարարության հետ

Արաբկիր բժշկական» կենտրոնից հերքվում է այն հանգամանքը, որ երեխայի մոտ առկա է հետպատվաստումային բարդացում, ըստ բժիշկների՝ նման կարծիքի հանգել է ընտանիքը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․

«Քիչ առաջ մամուլում հայտնվել է «Արտակարգ դեպք Երևանում. 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն» վերտառությամբ հոդվածը, որի կապակցությամբ հայտնում եմ հետևյալը.

«Արաբկիր բժշկական» կենտրոնից ՀԵՐՔՎՈՒՄ Է այն հանգամանքը, որ երեխայի մոտ առկա է հետպատվաստումային բարդացում, ըստ բժիշկների՝ նման կարծիքի հանգել է ընտանիքը։ Երեխայի մոտ առկա է սուր սեպտիկ բորբոքային վիճակ, իսկ առաջիկայում կտրվի թարմացում՝ երեխայի վիճակի և վերջնական ախտորոշման վերաբերյալ։

Տեքստում նշված այս պարբերությունը, իբր ««Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդիրով են ու առաջին նշանը՝ բարձր ջերմություն, թոքերում և կրծքավանդակում՝ հեղուկ և այտուցում է լինում։ Կան դեպքեր, որ երիկամները չեն գործում» ևս իրականության հետ որևէ աղերս չունի։

Բնականաբար, երեխաներին նեղ մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերող հիվանդանոցում կարող են բուժում ստանալ բազմաթիվ ախտորոշումներով պացիենտներ, սակայն, այս պահի դրությամբ նրանց մոտ հետպատվաստումային կարգավիճակ չկա։

Հաջորդ ապատեղեկատվությունը. Երեխան տեղափոխվել է ոչ թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» այլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

Shamshyan.com-ին հորդորում ենք թյուր տեղեկատվությունը գրելուց ոչ թե հետո, այլ առաջ ճշտել «իրենց տեղեկությունների» իսկությունը։

Երեխայի ծնողներին խնդրում ենք, հարցերի դեպքում հետադարձ կապ պահել նախարարության հետ»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ կեսօրին, ծայրահեղ ծանր վիճակով Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 ամսական տղա