Անդրանիկ Քոչարյանի համար նորմա՞լ է մարդու մասին խոսելիս անձնական վիրավորանքներ հասցնելը.ինչ պատասխանեց նա

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկին այսօր տված իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը և պատասխանել նրան

«Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, ԱԺ Պաշտպանության և մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկին այսօր տված իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ներկայիս իշխանությունն իրավական առումով տապալել է «Մարտի 1»-ի գործը, ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը՝ լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով», ապա թե՝ «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։

Ազգային ժողովում այսօր 168 ժամը  հարց ուղղեց Անդրանիկ Քոչարյանին՝ արդյո՞ք չի գիտակցում, որ իր այդ արտահայտություններով վիրավորանք է հասցրել Արփինե Հովհաննիսյանին։

Մինչ մեր հարցին պատասխանելն Անդրանիկ Քոչարյանը նախ հետաքրքրվեց, թե ո՞ր լրատվամիջոցից է իրեն հարց տվող լրագրողը, այնուհետև հայտարարեց՝ «Կարող եք Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցը լսել»։

Մեր արձագանքին, որ հարցազրույցը լսել ենք, և հարցը երկրորդ անգամ հնչեցնելուց հետո, Անդրանիկ Քոչարյանը կրկին տվեց նույն պատասխանը, իսկ վերջում էլ հարցից նյարդայնացած հայտարարեց՝ «Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցը կարող է նաև 168.am-ի խմբագիրը լսել»։

Ինչևէ, մեր հարցը դեռ ուժի մեջ է, Անդրանիկ Քոչարյանի համար նորմա՞լ է մարդու մասին խոսելիս անձնական վիրավորանքներ հասցնելը։

Ի դեպ, դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, «Իմ քայլականները» միաձայն ասում էին, թե երկու երիտասարդները նման քայլի չպետք է գնային, քանի որ Դանիբեկյանն առաջին հերթին կին է։ Հուսանք, Անդրանիկ Քոչարյանի թիմակիցները նույն կոչով կդիմեն նաև իրենց կոլեգային։