Հրայր Թովմասյանը երբեւէ չի եղել ԲՀԿ-ի կուռքը կամ սիրելին. Իվետա Տոնոյան

Այս առումով քաղաքագիտական իմացությունները հղկելու անհրաժեշտություն է նկատվում

«Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը իրավական առումով այնքան թույլ է, այնքան են կաղում եւ չփաստարկված ու չհիմնավորված են, որ այս մասով քվեարկության մասնակցելու նպատակահարմարությունն իսպառ բացակայում է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Ինձ համար շատ տարօրինակ է «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերների հայտարարությունները, մասնավորապես, թե մեր դիրքորոշումը քաղաքական է։ Այսօր առավոտյան պարոն Ծառուկյանը առավել քան հստակ հիմնավորումը տվեց այս խնդրի հետ կապված, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասով անվստահություն հայտնելու այդ նախաձեռնության հիմքերը, որոնք ներկայացված են «Իմ քայլը» խմբակցության կողմից իրավական առումով այնքան թույլ են, այնքան են կաղում եւ չփաստարկված ու չհիմնավորված են, որ այս մասով քվեարկության մասնակցելու նպատակահարմարությունն իսպառ բացակայում է»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Նա նշեց, որ իրենց խմբակցությունն այդ նախագիծը դիտարկում է միայն օրենքի շրջանակներում. «Հրայր Թովմասյանը երբեւէ չի եղել ԲՀԿ-ի կուռքը կամ սիրելին։ Մենք դեռեւս նախորդ անգամ, երբ առաջադրված է եղել Հրայր Թովմասյանի թեկնածությունը, դեմ ենք քվեարկել։ Այստեղ անձերի որեւէ խնդիր բացառապես չկա։ Այս դեպքում, այս հարցի լուծումը խորհրդարանական մասով, նախատեսված չէ, եւ հենց դա է պատճառը, որ ԲՀԿ-ն որոշել է չմասնակցել այս նախաձեռնության քվեարկությանն ընդհանրապես: Բացարձակ հիմնազուրկ, չհիմնավորված փաստարկներով ներկայացված փաստաթուղթ է սա։ Եվ այս ֆոնին ԲՀԿ-ին մեղադրել  ընդդիմություն չլինելու մեջ, ինձ համար տարօրինակ է եւ զավեշտալի, որովհետեւ դասական քաղաքականության մեջ ընդդիմություն համարվում է այն քաղաքական ուժը, ով առաջնորդվում է հանրային շահերը ներկայացնելով։ Այս առումով քաղաքագիտական իմացությունները հղկելու անհրաժեշտություն է նկատվում»։

Այն տարածված լուրին, որ «Իմ քայլի» անդամները փորձում են գաղտնի հանդիպել ԲՀԿ պատգամավորների հետ, համոզել նրանց, որ կողմ քվեարկեն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին, Տոնոյանն արձագանքեց. «ԲՀԿ-ն միասնական, կուռ թիմ է։ Մենք ունեցել ենք բովանդակային շատ երկար քննարկումներ, լսել ենք յուրաքանչյուրի կարծիքը։ Այսօր Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եղել է խմբակցության նիստ, հաշվի են առնվել հնչեցված տեսակետները։ Ըստ այդ քննարկման արդյունքների էլ որոշվեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցում քվեարկությանը»։