Ռոհանին ասել է, թե ինչու չի համաձայնել Թրամփի հետ բանակցություններին

Թեհրանը չպետք է ջանա ստանալ միջուկային զենք, ինչպես նաեւ պարտավոր է օգնել խաղաղության ձեռքբերմանը տարածաշրջանում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է, որ չի համաձայնել բանակցել ամերիկացի պաշտոնակցի՝ Դոնալդ Թրամփի հետ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի (ԳՎ) շրջանակում, քանի որ չի հավատացել, որ այդ հանդիպումը կբխի Թեհրանի շահերից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե համոզված լինեի, որ այդ բանակցությունները կբխեն Իրանի ժողովրդի շահերից, անպայման կգնայի դրան»,- Ռոհանիին մեջբերում է IRIB հեռուստառադիոկորպորացիան։

Նա ավելացրել է, որ «ԱՄՆ նախագահը ՄԱԿ ԳՎ իր ելույթում երկու անգամ սել է, որ ցանկանում է խստացնել պատժամիջոցներն Իրանի դեմ»։ «Ես ասացի մեր եվրոպացի բարեկամներին. ինչպե՞ս պետք է հասկանանք սա։ Մենք պետք է հավատանք ձե՞զ, որ Վաշինգտոնը պատրաստ է երկխոսության, թե՞ ԱՄՆ նախագահին, որը 24 ժամվա մեջ երկու անգամ ասաց ճնշման ուժեղացման մասին (Թեհրանի վրա)»,- նշել է Ռոհանին։

Միջուկային գործարքի փրկությունը

Ռոհանին ավելացրել է, որ համաձայն է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնության ընդհանուր սկզբունքներին միջուկային գործարքի փրկության վերաբերյալ, բայց չի ընդունում այդ առաջարկության մանրամասները։

«Այդ ծրագրի ընդհանուր սկզբունքները, մեր տեսակետից, ընդունելի են մեզ համար, բայց մենք համաձայն չենք դրա մանրամասների հետ, որովհետեւ դրանք ճիշտ չեն»,- Ռոհանիի խոսքերը մեջբերում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։ Միեւնույն ժամանակ, քաղաքական գործիչը չի ճշտել, թե ինչ մանրամասների մասին է խոսքը։

Նրա խոսքով՝ այդ նախաձեռնության հիմքերը ենթադրում են, որ «Թեհրանը չպետք է ջանա ստանալ միջուկային զենք, ինչպես նաեւ պարտավոր է օգնել խաղաղության ձեռքբերմանը տարածաշրջանում»։ «Հասկանալի է, այդ սկզբունքները կարող են ընդունելի լինել մեր կողմից»,- ավելացրել է նախագահը։

«Երկուշաբթի The New Yorker ամսագիրը, հղում կատարելով ֆրանսիական դիվանագետներին, տեղեկացրել է, որ Ֆրանսիայի նախագահը ՄԱԿ ԳՎ նստաշրջանում, որը տեղի ունեցավ անցած շաբաթ Նյու Յորքում, փորձ է արել կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռոհանիի հեռախոսազրույցը։ Միեւնույն ժամանակ, սեպտեմբերի 24-ին Մակրոնը հայտարարել էր, որ եկել է ԱՄՆ-ի, Իրանի, Գործողությունների համապարփակ եւ համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակից երկրների եւ տարածաշրջանային տերությունների միջեւ բանակցությունները վերսկսելու ժամանակը։

Իրանի միջուկային  թղթապանակի խնդիրը կտրուկ սրվել է ԳՀՀԾ-ից 2018 թվականի մայիսի 8-ին Վաշինգտոնի միակողմանի դուրս գալուց եւ Իրանի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներ մտցնելուց հետո՝ նավթի արտահանման ոլորտում։ Թրամփը բազմիցս ասել է, որ պատրաստ է երկխոսության Թեհրանի հետ։ Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ շահագրգռված է գոյություն ունեցող ԳՀՀԾ-ն մեկ այլ պայմանագրով փոխելու մեջ, որը կներառեր ոչ միայն Իրանի ատոմային ծրագիրը, այլ նաեւ հարցերի լայն շրջանակ, ներառյալ Թեհրանի հրթիռային ծրագիրն ու տարածաշրջանային քաղաքականությունը։