Իշխանության վերին օղակներում կան անցյալ չունեցող, իրենք իրենց վրա զարմացած մարդիկ. Թաթուլ Մանասերյան

Կառավարությունը փորձում է ինչ-ինչ քայլեր կատարել, որ շորթումներ քիչ լինեն

Ոչ միայն մարդու, այլև պետության մասին կարող ես դատել ոչ թե նրանով, թե ինչքան է վաստակում, այլ թե ինչպես է ծախսում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

«Կառավարությունը փորձում է ինչ-ինչ քայլեր կատարել, որ շորթումներ քիչ լինեն: Բայց պակաս կարևոր չէ որևէ միջոցառման մրցույթի ինստիտուտը, հասկանալ՝ կա՞ այն, թե՞ ոչ, ինչպես Անկախության տոնի դեպքում էր»:

Ըստ Մանասերյանի՝ և՛ բուհական համակարգում, և՛ ՏԻՄ-երում, և՛ այլ կառույցներում պարգևատրումները համատարած են. «Ժամը 9-ին գործի եկող և 18-ին տուն գնացող քարտուղարուհին, օրինակ, ինչո՞ւ է պարգևատրվում»:

Տնտեսագետի կարծիքով՝ ագրարային երկիր լինելը բոլորովին էլ անպատվաբեր չէ, հակառակը՝ մեծ հարստություն է: Օրինակ, Ղազախստանն ագրարային ինդուստրիալիզացիայի ճանապարհով է գնում և ագրարային քաղաքականություն ունի. «Չեմ կարծում, թե կառավարությունում պատկերացում ունեն՝ ինչ ասել է ագրարային ոլորտ, դա նույնացնում են բացառապես գյուղի հետ: Մինչև մենք գյուղացուն չմեծարենք, չենք կարող ինդուստրիալ երկիր դառնալ: Վարչապետը պիտի հիշի, որ ինքը գյուղի տղա է, և շատ ավելի պիտի գնահատի գյուղը»:

Մանասերյանը հիշեցրել է, որ ՏՏ ոլորտում աշխատող մարդկանց արդյունքը գնում է արտերկիր, չի ծառայում տնտեսության մյուս ճյուղերին. «ՏՏ ոլորտն այսօր մեզ հասցրել է Նյու Վասյուկիի: ՏՏ ոլորտում մենք հետ ենք նույնիսկ Բելառուսից, Ադրբեջանից, Իրանից, Վրաստանից»:

Տնտեսագետի կարծիքով՝ իշխանության վերին օղակներում կան անցյալ չունեցող և իրենք իրենց վրա զարմացած մարդիկ: «Չկա ուրիշ խելոք մարդ, բացի իրենցից՝ այդ գիտունիկներից: Անցյալ չունեցող անձանց նշանակել առաջին դեմք այն ոլորտներում, որտեղ կան կայացած ու լուրջ մարդիկ, մեծագույն ապտակ է այդ մարդկանց: Սա կոռուպցիայի ավելի վտանգավոր դրսևորում է, քան կաշառքով միջնորդած գործարքը: Շատ ոլորտներում երկիրը հայտնվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչների ձեռքը»,- ասել է Մանասերյանը՝ հավելելով. «Այն մարդիկ, որոնք նույնիսկ ընկալելի չէին նախորդ համակարգի ղեկավարների կողմից, շարունակում են իրենց գործը: Մենք դեռևս հեղափոխություն չենք արել, պետք է այն նյութականացնել»:

Մանասերյանը հիշեցրել է, որ գումար տնտեսելու վրա ուրախանալ չարժե, դա լավ բանի մասին չի խոսում: «Գումարները պետք է ծախսվեն նպատակային և արդյունավետ ձևով: Գումար չծախսել՝ նշանակում է առաջ չգնալ: Աննախադեպ բարձր բյուջե ունենալը շատ լավ է, բայց դա ինքնին չի կարող արտացոլել տնտեսության մեջ եղած պատկերը»,- ամփոփել է տնտեսագետը: