Մակունցը՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին

Հենց մենք ենք ներկայացրել նախագիծը և այդ առնչությամբ որևէ այլ դիրքորոշում պատգամավորների կողմից չի ներկայացվել

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծի շուրջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այլ դիրքորոշում չի ներկայացվել, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հենց մենք ենք ներկայացրել նախագիծը և այդ առնչությամբ որևէ այլ դիրքորոշում պատգամավորների կողմից չի ներկայացվել», - ասաց Մակունցը:

Ինչպես ասաց` ՍԴ անդամներն իրենք պետք է դիտարկեն՝ մեր ներկայացրած փաստարկները հիմնավոր են, թե ոչ:

Հարցին, թե արդյոք խորհրդարանական այլ խմբակցությունները կսատարեն «Իմ քայլի» նախաձեռնությանը, Մակունցը նշեց.

«Ձայների այն քանակը, որը անհրաժեշտ է նախագիծը ներկայացնելու համար ՍԴ, «Իմ քայլը» խմբակցության ձայները բավարարում են: Բայց մենք շեշտադրում ենք արել, որ սա բացառապես «Իմ քայլը» խմբակցության հարցը չէ, և բոլոր խմբակցությունները պետք է շահագրգռված լինեն հարցի պատշաճ քննությունն իրականացնելու գործընթաց սկսել: Նախ, ուզում եմ ընդգծել, որ նախագծի հիմքում չկա որեւէ քաղաքական նախադասություն: Ամբողջությամբ հիմնված է իրավական փաստերի, հիմնավորումների վրա: «Լուսավոր Հայաստանն» արդեն հայտնել է իր աջակցությունը: Հույս ունեմ, որ ԲՀԿ-ն նույնպես կմիանա նախագծին, որովհետեւ իրականում այստեղ ոչ թե դատավորներից մեկի քննությունն է ԱԺ-ի կողմից, այլ ընդամենը դիմում ենք ՍԴ, որ նրանք դիտարկեն այդ հարցը», - ասաց նա: