Աստվածային երազները խիստ հազվադեպ են լինում

Քնի ժամանակ մարդու կամքը խիստ թուլանում է, և գիտակցության փոխարեն ի հայտ է գալիս ենթագիտակցությունը

Այսօր խոսենք երազների և քրիստոնյայի կյանքում դրանց նշանակության մասին: Դժբախտաբար, այսօրվա կյանքում երազների հանդեպ ճիշտ ըմբռնում չկա, քանի որ ժողովրդի մեծ մասը փորձում է դրանց մեջ ինչ-ինչ նշաններ տեսնել. պատմում են միմյանց, մեկնաբանում, օգտվում երազահաններից և ընկնում մեծ մոլորության մեջ:
Փորձենք լուսաբանել այս խնդիրները, որպեսզի մեծ մոլորության դեմն առնվի: Ընդհանրապես մարդու հոգևոր կյանքը քնի մեջ էլ չի դադարում, քանի որ հոգին անմահ է ու միշտ գործում է: Սակայն քնի ժամանակ մարդու կամքը խիստ թուլանում է, և գիտակցության փոխարեն ի հայտ է գալիս ենթագիտակցությունը: Քնի մեջ հնչող խոսքերն իրականում խոսքեր չեն, այլ մտքեր, և քանի որ մեր կամքը չի գործում, ուստի մենք արտաքին ազդեցության տակ ենք:
Ինչպես սբ. Գրիգոր Տաթևացին է ասում, ըստ ազդեցության երազները երեք տեսակի են լինում` աստվածային, բնական և դիվական: Աստվածային երազը կոչվում է տեսիլք, ինչպես Աբրահամի, Հակոբի, Հովսեփի և Դանիելի պարագայում եղավ: Այսպիսի տեսիլքներ ունենում են կատարյալ մարդիկ, ովքեր լցված են Սբ. Հոգով ու ծայրագույն ժուժկալության շնորհիվ Տիրոջ առաքյալների աստիճանին են հասել: Իսկ այն քրիստոնյաները, ովքեր դեռևս հաղթվում են զանազան կրքերից ու ցանկություններից, միտքն ու հոգին զգայարաններից խիստ կախվածության մեջ են, թող չձգտեն աստվածային տեսիլքներ տեսնել: Հին ՈՒխտում տեսիլքներն ապագայում լինելիք բաների մասին էին և Աստծուց տրվում էին մարդկության օգուտի համար: ՈՒստի նրանք, ովքեր տեսիլքներ տեսնելու անզուսպ փափագ ունեն, հպարտության մեջ են ընկել և իրենց մարդկության փրկարարների դերն են վերագրում:
Երազները լինում են նաև բնական: Ըստ Գրիգոր Նյուսացու` բնական երազները չորս բաժանում ունեն: Երազներ կան, որ առաջանում են օրվա ընթացքում կատարած գործերի, ունեցած զրույցների ու խորհած մտքերի տպավորության տակ: Եթե մարդն ամբողջ օրն այսաշխարհային հոգսերի մեջ է, ապա նույն փոթորկալից ծովի մեջ է տարուբերվում նաև երազներում: Իսկ եթե նա ամբողջ օրը կրթվում է աստվածային և երկնային իրողությունների մեջ, ապա քնած ժամանակ էլ խորամուխ է լինում դրանց մեջ:
Քնի մեջ, երբ նահանջում է մեր գիտակցությունը, վերանում է ինքնահսկողությունը, մենք դառնում ենք անկեղծ ու ոչնչից չենք ամաչում: Այդ ժամանակ ենթագիտակցության խորքերից դուրս է գալիս անձի ճշգրիտ պատկերը, մեր իրական ես-ը: Եվ ինչպիսին են մեր երազները, այնպիսին է նաև հոգևոր վիճակը, անձի իրական էությունը: Թերևս երազներից օգուտ քաղելու միակ միջոցը հետևյալն է. ճշգրիտ, օբյեկտիվ կերպով գնահատել դրանք, ճանաչել սեփական անձն ու մաքրել հոգին անցանկալի տարրերից: Մեր սրտի լիակատար մաքրումից հետո միայն երազներն էլ կլինեն մաքուր ու պայծառ:
Երազներ կան, որ կյանքում չիրականացած իղձերի և նպատակների իրականացման մասին են, ինչպես քաղցածը երազում կերակուր է տեսնում, իսկ ծարավածը` ջուր: Երազներ լինում են նաև մարմնի որոշակի ֆիզիոլոգիական պրոցեսների պատճառով: Օրինակ` լյարդի ցավեր ունեցող մարդը սարսափազդու երազներ կարող է տեսնել:
Աստվածային երազներին հակառակ լինում են դիվական երազներ, որոնք տրվում են մարդկանց մոլորեցնելու, աղտեղի մտքերի ու ցանկությունների մեջ գցելու, սարսափ ազդելու և բարին խափանելու համար: Բարու խափանման մի օրինակ է Ավետարանում հիշատակված Պիղատոսի կնոջ երազը: Սբ. Եվագրոսի կնոջ տեսած երազը չարից էր, քանի որ սատանան, կռահելով, որ Աստվածորդու խաչելությամբ ինքը կորստյան է դատապարտվելու, փորձում էր Պիղատոսի կնոջ միջոցով Պիղատոսին հետ կանգնեցնել Քրիստոսի համար մահվան դատավճիռ կայացնելուց: 
Առաջին հայացքից թվում է, թե Պիղատոսի կնոջ տեսած երազը բան է հուշում, այսինքն` հետ կանգնել արդար ու անմեղ արյուն թափելուց: Սակայն իրականում դա սատանայի չար մտադրությունն էր` խափանելու մարդկության փրկության նվիրական գործը: Այսպես էլ շատ ու շատ բարի և անմեղ թվացյալ երազներ իրականում պարունակում են բարին խափանելու և մարդկանց մոլորեցնելու չար մտադրություն:
Շատ անգամ չար ոգիները երազներում հանդես են գալիս լուսե հրեշտակների, մարգարեների կերպարանքով և ապագան են գուշակում, որպեսզի մենք երազի իրականանալուն պես ընկնենք շփոթմունքի մեջ ու որպես կանխագուշակելու շնորհ ունեցող` մտածումներով ամբարտավանանանք: Լինելով հոգի` դևերը տեսնում են, թե ինչ է տեղի ունենում եթերային տարածության մեջ, սակայն կանխատեսումներ անելով հանդերձ` նրանք ապագայի մասին ոչինչ չգիտեն: ՈՒստի դիվական, գայթակղեցուցիչ երազներ տեսնելուց հետո արթնանալուն պես անմիջապես պետք է մաքրել հոգին ու հիշողությունը դրանց ծանր տպավորություններից: 
Մենք, որ դեռևս ամբողջովին չենք նորոգվել աստվածային շնորհներով, կարող ենք տեսնել միայն հոգու ցնորքից ու դևերի սադրանքներից ծնված երազներ: Աստվածային երազները խիստ հազվադեպ են լինում ոչ թե այն պատճառով, որ դրանք, սովորական կարգից դուրս լինելով, կարող են մեր մեջ մեծամտություն առաջացնել: Մենք սրանով կկորցնենք խոնարհությունը, ինչը քրիստոնյայի հոգու փրկության կարևորագույն պայմանն է:
Եկեղեցու հայրերը, որպես ընդհանուր օրենք, արգելում են երազներին որևէ նշանակություն տալ, համարել դրանք հանդերձյալ աշխարհից եկած հայտնություններ և հատկապես պատմել ուրիշներին: Մենք երազները պետք է գաղտնի պահենք և անհրաժեշտության դեպքում պատմենք միայն եկեղեցու հոգևոր հայրերին` համապատասխան խորհուրդներ ստանալու համար:


Տեր Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տաթևի վանքի վանահայր

irates.am