Եթե իշխանությանը հաջողվեց ստանալ գրպանային ՍԴ, անօրինականությունների թափանիվը շատ ուժեղ է լինելու

իշխանությունը խնդիր է դրել ունենալ լրիվ վերահսկելի և կամակատար դատական համակարգ, և այդ նպատակը քողարկվում է վերամբարձ և կեղծ ձևակերպումերով՝ դատական բարեփոխումների, անկախ դատական համակարգի թեմաներով

ԱԺ կողմից ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությունն, ակնհայտ է, որ իրավական գործընթաց չէ, դա արվում է մեկ մարդու ցուցումով և կոնկրետ մեկ թեմայի կապակցությամբ, ինչը ևս ակնհայտ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱԺ կողմից ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնություն սկսելը քաղաքական է։

«Ասել, թե սա քաղաքական պրոցես է, դժվարանում եմ։ Քաղաքական գործընթացը վատ բան չէ, իսկ այստեղ «քաղաքականը» ինչ-որ բացասական ենթատեքստ է պարունակում։ Մենք գործ ունենք պարզապես ՍԴ-ի վրա կոպիտ, ցուցադրական ճնշման հետ, որի նպատակը 100 տոկոսանոց կառավարելի ՍԴ ունենալն է։ Բոլոր հնարավոր միջոցները կիրառվում են այդ նպատակին հասնելու համար։ Մեր պետությունը և հասարակությունն այսօր բեկումնային պահեր են ապրում. եթե իշխանությանը հաջողվեց ստանալ գրպանային ՍԴ, ապա անօրինականությունների թափանիվը շատ ուժեղ է լինելու։ Այս առումով ՍԴ յուրաքանչյուր սկզբունքային անդամ և առաջին հերթին Հրայր Թովմասյանը պետք է զգան հասարակության գիտակից հատվածի հստակ աջակցությունը։ Նժարին շատ ավելի կարևոր բան է դրված, քան այս կամ դատավորի պաշտոնավարումը»,- շեշտեց նա։

Հարցին՝ արդյոք իշխանությունների հայտարարությունները, օրինակ՝ դատական համակարգը պետք է անկախ լինի, նաև սկսած գործողությունները ՍԴ նախագահի դեմ իրար չե՞ն հակասում, նա պատասխանեց, որ հակասությունները նոր չեն սկսել։ Վահե Հովհաննիսյանը նկատեց՝ բոլոր այն դատավորները, որոնք կայացրեցին իշխանությանը ոչ հաճո վճիռներ, հայտնվեցին գործադիր իշխանության և ուժայինների ճնշման տակ։

«Սա արվում էր շատ գռեհիկ։ Դատարաններ շրջափակելու կոչը և բուն գործողությունները հակասության մասին չե՞ն խոսում, թե դատավորներ Ազարյանի կամ Դ. Գրիգորյանի դեպքերը չեն խոսքի և գործի հակասության փաստեր։ Իրավիճակը առանց երկիմաստությունների է. իշխանությունը խնդիր է դրել ունենալ լրիվ վերահսկելի և կամակատար դատական համակարգ, և այդ նպատակը քողարկվում է վերամբարձ և կեղծ ձևակերպումերով՝ դատական բարեփոխումների, անկախ դատական համակարգի թեմաներով։ ՍԴ նախագահն այդ շղթայի մեկ օղակն է, բայց շատ կարևոր։

Ես նորից եմ կրկնում, բոլոր սկզբունքային դատավորները պետք է զգան աջակցություն։ Հասարակությունը միայն նեղ խմբերի կամ սերիալային շերտերից չէ կազմված, որոնք միառժամանակ կարող են ողջունել ամեն անօրինականություն։ Հասարակությունն ունի կրթված և գիտակից շերտեր, որոնք որոշ ժամանակ հետո դառնալու են դոմինանտ ինչպես ցանկացած նորմալ երկրում։ Եվ հենց այդ շերտերի հրապարակային աջակցությունն է հիմա կարևոր»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ իշխանությունների տարանջատումն ընդունելի՞ է  գործող իշխանության համար, թե ոչ, նա նշեց, որ իշխանությունների տարանջատման գաղափար Հայաստանում գոյություն չունի և չի էլ ունեցել։ Հովհաննիսյանի կարծիքով՝ ընդհանրապես «իշխանություններ» ձևակերպումը պետք է օգտագործել եզակի թվով։

Ըստ նրա՝ կա մեկ մարդու իշխանություն, որը ուզում է իշխել բոլորի վրա՝ օրենսդիրի, գործադիրի, խորհրդարանական ընդդիմության, ուժայինների, իրավապահների, դատարանների, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության և այլն։ «Սա է իրականությունը։ Խնդիրը պետք է ճիշտ ձևակերպել, որպեսզի կարողանալ ճիշտ հակաքայլեր մշակել»,- նշեց բանախոսը։

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահի սանիկների դեմ սկսած արշավին, Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանը պաշտոնապես մտել է պատժիչ, ռեպրեսիվ փուլ։

«Մենք այդ օրվան երկար էինք գնում՝ շատ բաներ չտեսնելով, չարձանագրելով, մարսելով, չկարևորելով, չտեսնելու տալով։ Դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումներից հետո, երբ նա ուղղակի արհամարհեց ՍԴ որոշումը, մենք պաշտոնապես մտանք ռեպրեսիաների փուլ։ Սա բեկումնային պահ էր։ Ռեպրեսիվ փուլն ունի իր հստակ տրամաբանությունը, խաղի կանոնները։ Սանիկ, քավոր, բարեկամ, ընկերոջ վրա քրեական գործերը, բարոյական ճնշումները հին և զզվելի մեթոդներ են։

Ի դեպ, մեր հարևան Վրաստանը տարիներ առաջ անցել է այդ ճանապարհով, և մինչ այսօր այդ երկիրը ուշքի չի գալիս։ Իրավական տեռորի մեթոդների առումով այսօրվա Հայաստանը կարող է հեռու չգնալ և ուսումնասիրել Վրաստանի փորձը։ Բայց հիշելով, որ որոշ ժամանակ անց անխուսափելիորեն գալիս է պատասխան տալու, հատուցման փուլը։  Կալանքը, որը լայնորեն կիրառվում է այսօր Հայաստանում, դարձել է պատժի ամենաստոր ձևը։ Կիրառվում է ամեն րոպե՝ մարդուն կոտրելու, մարդուն, նվաստացնելու համար։ Ժամանակի ընթացքում իրավական տեռորի ներկապնակը հարստանալու է։ Հայտնի «կանգ առ»-ի պահանջը պետք է հասկանալի դառնա բոլորին։ Քաղաքական գործընթացը հենց սա է՝ հանրությանը բացատրել, որ սա դեպի աղետ տանող ճանապարհ է»,- եզրափակեց նա։