Թրամփը կոնգրեսական Ադամ Շիֆին կոչ է արել հրաժարական տալ

Նրա գործողությունների նկատմամբ պետք է հետաքննություն սկսվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին կոչ է արել հրաժարական տալ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ իր զրույցի սղագրության հրապարակման ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ադամ Շիֆը խաբեության ճանապարհով Կոնգրեսում միլիոնավոր մարդկանց աչքի առաջ կարդացել է Ուկրաինայի նախագահի հետ իմ զրույցի գոյություն չունեցող տարբերակը: Ենթադրվում էր, որ նա կկարդա զրույցի ձայնագրված տարբերակը, սակայն ամբողջությամբ փոխել էր բառերը, որպեսզի սարսափելի հնչեր, իսկ ես մեղավոր դուրս գայի: Նա հուսահատ էր, եւ նրան բռնել են»,- Twitter-ում գրել է Թրամփը: «Այդպիսով, Ադամ Շիֆը ստել է Կոնգրեսին եւ փորձել է խաբել նաեւ ամերիկացիներին: Նա դա անում է արդեն 2 տարի: Ես նրան կոչ եմ անում անհապաղ հրաժարական տալ այդ խարդախության պատճառով»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Ավելի ուշ Թրամփը կրկին կրկնել է Շիֆին ուղղված իր կոչն ու ասել, որ նրա նկատմամբ պետք է հետաքննություն սկսվի:

«Նա պետք է հրաժարական տա, նրա գործողությունների նկատմամբ պետք է հետաքննություն սկսվի: Նա հիվանդ մարդ է»,- նշել է Թրամփը: 

Սկանդալի մասին

Ավելի վաղ Վաշինգտոնում մեծ սկանդալի պատճառ էին դարձել պնդումները, որ Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա՝ նպատակ ունենալով ստիպել Կիեւին օգնել Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարին վերընտրվել 2020 թվականին: Ենթադրվում էր, որ Ամերիկայի առաջնորդն այդկերպ ձգտել է հետաքննություն հրահրել Ամերիկայի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու նկատմամբ՝ փոխարենը Կիեւին առաջարկելով ֆինանսական եւ ռազմական աջակցություն Վաշինգտոնի կողմից: Երեքշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկվում է Դեմոկրատական կուսակցության կողմից, այդ կասկածների հիման վրա հայտարարել էր հանրապետական Թրամփի նկատմամբ իմպիչմենտի գործընթացն սկսելու մասին: Դեմոկրատ Բայդենն այժմ Թրամփի ամենահավանական մրցակիցն է ԱՄՆ-ում գալիք նախագահական ընտրությունների ժամանակ:

Չորեքշաբթի Սպիտակ տունը հրապարակել էր երկու երկրների առաջնորդների հուլիսյան հեռախոսազրույցի սղագրությունը: Պարզ էր դարձել, որ Թրամփը չի ձգտել, որ Վլադիմիր Զելենսկին սկսի հետաքննությունը Հայթեր Բայդենի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային ֆինանսական եւ ռազմական աջակցություն տրամադրելու փոխարեն: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթները, ազգային օրենսդրության մեջ խախտումներ չի հայտնաբերել, ինչպես նաեւ հետագա հետաքննություն կամ այլ գործողություններ անցկացնելու հիմքեր Ամերիկայի եւ Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցի բովանդակության մեջ: