Մեսի․ Ֆատին հրաշալի խաղացող է, փորձում եմ օգնել եւ աջակցել նրան

«Բարսելոնայի» հիմնական կազմում 16 տարեկանում նորամուտը նշած Ֆատին ընթացիկ մրցաշրջանում խփել է երկու գոլ։ Նա հրավեր է ստացել Իսպանիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականից
Բարսելոնա

Ֆատին հրաշալի խաղացող է, փորձում եմ օգնել եւ աջակցել նրան, բայց մեծ ճնշում գործադրել նրա վրա պետք չէ, ասել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ խոսելով թիմի 16-ամյա կիսապաշտպան Անսու Ֆատիի (Գվինեա Բիսաու) մասին։

«Իսկապես, շատ եմ հավանում Ֆատիի խաղը, փորձում եմ  օգնել եւ աջակցել նրան։ Ֆատին հրաշալի խաղացող է եւ հաջողության հասնելու համար ունի ամեն ինչ։

Բայց կարծում եմ, որ նրան պետք է աստիճանաբար մտցնել հիմնական կազմ՝ այնպես, ինչպես ես եմ սկսել հանդես գալ «Բարսելոնայում»։ Պետք չէ մեծ ճնշում գործադրել նրա վրա, դանդաղ գնալ առաջ։

Պետք է հիշել, որ նա ընդամենը 16 տարեկան է։ Հույս ունեմ, որ նա ապագայում էլ հաճույք կստանա ֆուտբոլից, եւ նրա շուրջ բարձրացած այս ամբողջ աղմուկը բացասական հետեւանք չի թողնի։ Նա ունի տաղանդ, որպեսզի դառնա լավագույններից մեկը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Eurosport-ը։

«Բարսելոնայի» հիմնական կազմում 16 տարեկանում նորամուտը նշած Ֆատին ընթացիկ մրցաշրջանում խփել է երկու գոլ։ Նա հրավեր է ստացել Իսպանիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականից։