5 ամենօրյա սովորություններ, որոնք վտանգավոր են ձեր հոգեկան առողջության համար

Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մեր կյանքն ավելի պարզ է դարձել, բայց ոչ միշտ` ավելի լավը

Ժամանակակից կյանքն ինքնին վտանգավոր է հոգեկան առողջության համար: Այս ճշմարտությունը մեզնից շատերը հավանաբար շատ լավ գիտակցում են, բայց այդ մասին չեն բարձրաձայնում: Մենք ապրում ենք մի աշխարհում, որ ունենք գրեթե ամեն ինչ, միայն թե պետք է համապատասխան կոճակը սեղմել: Սակայն հոգեկան խնդիրները միայն խորանում են:

Մեր նախնիների համեմատությամբ մենք բավականին լավ ենք ապրում: Մենք ունենք օդորակիչ, առաքման ծառայություններ, որոնք, ասենք, մեր պատվիրած կերակուրը կարող են հասցնել մինչև մեր դռան շեմը, լվացքի մեքենաներ, որոնք այնքան հեշտացնում են մեր կյանքը: Մենք իսկապես շատ աշխատելու կարիք չունենք, բայց մենք ավելի ու ավելի քիչ ազատ ժամանակ ու ավելի շատ սթրես ունենք:

Մենք ստեղծել ենք մի աշխարհ, որում մենք իսկապես ծաղկում ենք, սակայն տառապում հոգեպես ու ֆիզիկապես:

Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մեր կյանքն ավելի պարզ է դարձել, բայց ոչ միշտ` ավելի լավը: Մարդկանց պետք է թարմ օդ, արևի լույս, բնական սնունդ ու ֆիզիկական վարժություններ, սոցիալական կապեր, որպեսզի ապրեն լիարժեք կյանքով:

Ժամանակակից կյանքն այս բաները չի ապահովում ամբողջությամբ, ինչը և հանգեցնում է հոգեկան առողջության ճգնաժամին:

Ահա 5 սովորություններ, որոնք ընդունված են շատ մարդկանց կողմից, ու որոնք վատացնում են ձեր հոգեկան վիճակը:

  1. Բավականաչափ չեն շարժվում:

Այժմ մեր առողջական վիճակն ավելի վատ է, քան երբևէ: Դուք հավանաբար հաճախ եք լսում երիտասարդ տարիքում սրտային հիվանդություններից, շաքարախտից ու այլ հիվանդություններից տառապող մարդկանց մասին: Դա կապված է այն բանի հետ, որ մենք մեզ շրջապատել ենք տեխնիկայով ու գադջեթներով ու դադարել ապրել բնությանը մոտ: Չէ՞ որ նախկինում հենց նա էր մեզ ստիպում շարժվել ու տալիս էր կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ:

Ապացուցվել է, որ ֆիզիկական մարզումների բացակայությունը ոչ միայն բացասաբար է ազդում առողջության վրա, այլև հարուցում է անհանգստություն ու ընկճախտ:

  1. Գնում են շատ անպիտան բաներ:

Մարդկանց վրա հեշտորեն ազդում են շրջապատի մարդկանց սովորությունները, և, ցավոք, շատ մարդիկ գնում են իրեր, որոնք իրենց իսկապես պետք չեն: Գնում են կամ սովորության համաձայն, կամ էլ իրենց կյանքի դատարկությունն ինչ-որ կերպ լցնելու համար: Սակայն հետազոտությունները բազմիցս ցույց են տվել, որ երբեք չի կարելի գնել երջանկությունը: Ընդհակառակը, անպետք իրերի կուտակումը միայն ավելի շատ սթրես ու անհանգստություն է հարուցում:

  1. Քիչ են քնում:

Դուք գլխի ընկաք: Քնի բացակայությունն ու տագնապային հոգեվիճակը միմյանց միջև ուղիղ կապի մեջ են գտնվում: Մենք որակյալ քնի կարիք ունենք այն բանի համար, որ ապահովենք մեր օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը: Սակայն ժամանակակից կյանքն առանձնապես չի նպաստում դրան:

  1. Իրենց շրջապատում են սմարթֆոններով ու այլ գադջեթներով:

Զարմանալի չէ, որ երբ բջջային տեխնոլոգիաները հասանելի դարձան, մենք նկատեցինք նաև հոգեկան առողջության հետ կապված խնդիրների աճ: Սակայն հետազոտությունը ցույց տվեց, որ մարդիկ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում, մյուսներից ավելի հաճախ են տառապում ընկճախտից:

  1. Փողոցում քիչ ժամանակ են անցկացնում:

Մենք բնության ու մաքուր օդի կարիք ունենք, որպեսզի կարողանանք ապրել ու նորմալ կենսագործունեություն ծավալել: Արևի լույսի բացակայությունը հավասար է օրգանիզմում D վիտամինի պակասին: